ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով քննարկում, որի ժամանակ համալսարանի հետազոտողները ներկայացրին նաև կրթական համակարգերում ինտեգրված ուսումնասիրությունների կիրառման վերաբերյալ իրենց նոր մոտեցումները:
Քննարկման ընթացքում շեշտադրվեց աշխարհաքաղաքական նոր&Բ;զարգացումների իրողություններում&Բ;հետազոտությունների շարունակաբար կազմակերպման ու դրանց արդյունքները կրթական ծրագրերում ներդնելու անհրաժեշտությունը:
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, կարևորելով նմանօրինակ&Բ;քննարկումները,&Բ;ընդգծեց, որ այսօր ամենակարևոր խնդիրը վերաբերում է գիտելիք ունեցող մարդուն շուկայում մրցունակ դարձնելուն. «Ուսանողները շատ լավ սովորում են Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի պատմությունը, բայց պետք է ձգտենք, որ նրանք&Բ;կարողանան համադրել, վերլուծել, ինչպես նաև կիրառել վերլուծության արդյունքը, որպեսզի լինեն մրցունակ մասնագետներ: Սա ժամանակի պահանջն է, քանի որ հետևելով տարածաշրջանային զարգացումներին՝ ականատես ենք լինում նրան, որ հաղթում է այն պետությունը, որը շատ արագ կարողանում է ձևակերպել գաղափար ու անցնել գործողության»:
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, Վրացագիտության կենտրոնի ղեկավար Էդուարդ Զոհրաբյանը խոսեց տարածաշրջանի հետազոտության արդյունքները կրթական միջավայրում&Բ;ինտեգրելու խնդրից։ Նա ընդգծեց, որ ներկայում ամուր հիմքեր կան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի և Վրաստանի մատենադարաններում, գրադարաններում առկա բազմաթիվ մատենագրությունները, ձեռագրերն ու փաստաթղթերը ուսումնասիրելու, տարածաշրջանի պատմության չբացահայտված ուղիները հետազոտելու ու այդ ուսումնասիրությունները կրթական միջավայր ներմուծելու համար:
«Նոր գիտելիքների ձևավորումը առաջ է բերելու որոշակի խնդիրների կապակցությամբ իրարամերժ տեսակետների հստակեցում, որը կարող է հիմք դառնալ նոր հայեցակարգերի ձևավորման համար: Խորհրդային տարիների հայեցակարգերը, բնականաբար, այլևս չեն կարող գործել, որովհետև օրեցօր փոփոխվող աշխարհում հայեցակարգերն անընդհատ փոփոխության են ենթարկվում: Մասնավորապես՝ 2020 թ. արցախյան պատերազմից ու արցախցիների բռնի տեղահանությունից հետո մենք չենք կարող նախկին հայեցակարգերով առաջնորդվել և պետք է փորձենք նոր մոտեցումներով հիմնավորել տարածաշրջանի քաղաքականությունը և մեր տեղն ու դերը այդ տարածաշրջանում», - ասաց Էդուարդ Զոհրաբյանը:
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինե Կոստիկյանը ներկայացրեց «Պատմագիտական նոր հետազոտությունների ինտեգրումը «Իրանը և Կովկասը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» դասընթացում» խորագրով թեման:
Նա անդրադարձավ դասընթացի շրջանակում դիտարկվող թեմաներին, ինչպես նաև ընդգծեց, որ իր և գործընկերների կատարած հետազոտությունների մեծ մասն առնչվում է ուշ միջնադարում և նոր շրջանում հայ-իրանական հարաբերությունների զանազան խնդիրներին. «Թեպետ այդ հետազոտությունները հիմնականում հիմնված են ավելի վաղ շրջանի հայ և օտար արևելագետների հետազոտությունների վրա, սակայն դրանք զարգացրել ենք ու հարստացրել՝ ներգրավելով նոր աղբյուրագիտական նյութեր»:
Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան նաև Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Բենիամին Մայիլյանը (թեմա՝ «Աբխազիայի պատմագիտական խնդիրների դասավանդումը Վրաստանի ընդհանուր պատմության համատեքստում») և նույն ամբիոնի ասիստենտ Սուսաննա Սերոբյանը (թեմա՝ «Կրթական գործընթացներում ուսումնասիրությունների ինտեգրումը՝ որպես նոր մարտահրավեր»):
Քննարկման ավարտին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու թեմաներով հետաքրքրված այլ մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվեց Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և Վրացագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: