- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ում ամփոփվեցին «ReGrad» ծրագրի արդյունքները. բակալավրի կրթական ծրագրերը՝ «կանաչ» և թվային փոխակերպման ուղում
Сентября 25, 2026 | 16:05
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
̸իջոցառումներ
ԵՊՀ-ում ամփոփվեցին «ReGrad» ծրագրի արդյունքները. բակալավրի կրթական ծրագրերը՝ «կանաչ» և թվային փոխակերպման ուղում
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Reforming Undergraduate Education for Green and Sustainable Development in Armenia and Moldova» («ReGrad») ծրագրի եզրափակիչ համաժողովը: Եռամյա ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանում և Մոլդովայում բակալավրի կրթական ծրագրերի բարեփոխումներին՝ ավանդական ուսումնական ծրագրերից անցում կատարելով դեպի ներառական, թվային և «կանաչ» կրթություն։
«ReGrad» ծրագրի շրջանակում վերանայվել են բակալավրի կրթական ծրագրերը, մշակվել են ոլորտային որակավորումների շրջանակներ, ներդրվել են դասավանդման և ուսումնառության նոր մոտեցումներ, ինչպես նաև գործընկեր համալսարաններում իրականացվել են ակադեմիական անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տվել աջակցելու բակալավրի կրթական ծրագրերի բարեփոխմանն ու արդիականացմանը՝ դրանք համապատասխանեցնելով կայուն զարգացման առաջնահերթություններին և ներառական, թվային ու «կանաչ» կրթության պահանջներին։
«Համոզված եմ, որ համաժողովը կարևոր հարթակ կդառնա ծրագրի հիմնական ձեռքբերումները, վերանայված բակալավրի կրթական ծրագրերը, դասավանդման և ուսումնառության նոր մոտեցումների ներդրումը, ինչպես նաև գործընկեր համալսարանների ակադեմիական անձնակազմի կարողությունների զարգացումը ներկայացնելու համար»,- ասաց նա։
Գործընկերների անդրադարձը
Մոլդովայի տեխնիկական համալսարանի հետազոտությունների և նորարարությունների գծով պրոռեկտոր Էդուարդ Մոնայկոն, որը միջոցառմանը մասնակցում էր հեռավար ձևաչափով, շեշտեց, որ Մոլդովայի տեխնիկական համալսարանի համար այս ծրագիրը եվրոպական ինտեգրման և ինստիտուցիոնալ արդիականացման ավելի լայն գործընթացի մի մասն է կազմում։
«Նման ծրագրերը կարևոր են ոչ միայն իրենց կոնկրետ արդյունքների, այլև ձևավորվող երկարաժամկետ գործընկերային կապերի և ինստիտուցիոնալ փոփոխությունների համար։ Ուստի այսօրվա համաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպես ծրագրի ամփոփում, այլև որպես հնարավորություն՝ շարունակելու համատեղ ձեռքբերումների վրա հիմնված աշխատանքը և նախանշելու համագործակցության նոր ուղիներ»,- ընդգծեց նա:
«ReGrad» ծրագրի համակարգող Փոլ Հարիսը, որը ևս միջոցառմանը մասնակցում էր հեռավար ձևաչափով, անդրադարձավ ծրագրի ընթացքին և արդյունքներին։
«Ինձ վրա մեծ տպավորություն է թողել այն, թե ինչպես է համալսարանի մեթոդաբանությունը կիրառվում ակադեմիական տարբեր ուղղություններում՝ ճարտարագիտությունից մինչև հանրային կառավարում: Միջգիտակարգային այս մոտեցումը շատ արժեքավոր է արդյունքների տարածման համար: Նկատելի է նաև նախարարությունների ներգրավվածությունը և ծրագրի կառուցվածքային ազդեցությունը երկրների կրթական համակարգերի վրա»,- նշեց նա։
Մոլդովայի կրթության և հետազոտությունների նախարարության հանրային քաղաքականության համակարգման և եվրոպական ինտեգրման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Պարխոմենկոն հեռավար ձևաչափով շնորհավորեց թիմերին ծրագրի հաջող արդյունքների կապակցությամբ։
«Համակարգային ֆինանսավորման և որակի ապահովման մեխանիզմների բարեփոխումից հետո այժմ ժամանակն է այնպիսի նախագծերի, որոնք ամրապնդում և հարստացնում են կրթական ծրագրերը: «ReGrad» ծրագիրը համախմբել և արդյունավետորեն կիրառել է առկա ողջ գիտելիքը»,- մատնանշեց նա:
«ReGrad» ծրագրի համակարգող Նինա Պուտունտեան ընդգծեց, որ իր համար եվրոպական համագործակցության հավելյալ արժեքը ոչ թե քաղաքականությունների, շրջանակների կամ փաստաթղթերի, այլ մարդկանց և հնարավորությունների մեջ է։
«Ծրագրի իրական արժեքը հենց սա է․ մենք ցանկանում ենք մեր ուսանողներին ապահովել ավելի որակյալ կրթությամբ և ավելի արդիական հմտություններով, ամրապնդել կապը հասարակության ու աշխատաշուկայի հետ և օգնել նոր սերնդին ձևավորելու մեր հաստատությունների ու մեր երկրների ապագան»,- ասաց նա:
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի կոորդինատոր Մարիանա Սարգսյանը ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրի ավելի լայն համատեքստը. «ReGrad ծրագիրը ավելի մեծ գործընթացի մաս է: Այս տարի ավարտվում են «Էրազմուս+» կարողությունների զարգացման 8 ծրագրերը: Իսկ 2026 թվականի մրցույթի արդյունքում հայաստանյան բուհերը կմասնակցեն 4 նոր ծրագրի, որոնք ուղղված են լինելու արհեստական բանականությանը, միջգիտակարգայնությանը և ձեռներեցությանը: Կարևոր է, թե ինչ տեղի կունենա ծրագրի ավարտից հետո. արդյունքների կայունությունը առանցքային է»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց բուհում կատարված փոփոխությունները՝ ընդգծելով, որ մի շարք կրթական ծրագրեր բարեփոխվել և համապատասխանեցվել են աշխատաշուկայի պահանջներին։
Կրթական ծրագրերի փոփոխությունները ԵՊՀ-ում
«ReGrad» ծրագրի շրջանակում ԵՊՀ «Կենսաբանություն» և «Հանրային քաղաքականություն և կառավարում» բակալավրի կրթական ծրագրերում կատարվել են մի շարք փոփոխություններ:
ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի վարիչ Վահագն Ագլյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են բարելավելու ծրագրի կրթական վերջնարդյունքները և դասավանդման մոտեցումները։ Դրանց շրջանակում ուսումնական գործընթացում ինտեգրվել են կայուն զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության և թվային փոխակերպման բաղադրիչներ, ինչպես նաև ներդրվել են նոր դասընթացներ, որոնք արտացոլում են «կանաչ» զարգացման և թվային փոխակերպման արդի գերակայությունները եվրոպական բարձրագույն կրթության տարածքում։
«Մասնավորապես, ուսումնական պլանում ներառվել է 3 նոր դասընթաց՝ «Թվային փոխակերպումներ և էկոլոգիա», «Միջավայրային ռիսկերի կառավարում» և «Բնապահպանություն և քաղաքային զարգացում»։ Զուգահեռաբար վերանայվել են ևս երեք՝ «Համեմատական հանրային քաղաքականություն և կառավարում», «Կայուն զարգացման տեսություններ և քաղաքականություն» և «Հանրային քաղաքականությունը ԵՄ-ում» դասընթացների բովանդակային բաղադրիչներն ու դասավանդման մեթոդները»։
Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ «Կենսաբանություն» բակալավրի կրթական ծրագրում ներառվել է 3 նոր առարկա՝ «Բնապահպանություն և կայուն զարգացման հայեցակարգ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հայեցակարգ», «Հիդրոէկոլոգիա և ջրային ռեսուրսների կայուն օգտագործում», ինչպես նաև բարելավվել են «Էկոթունաբանություն», «Էկոլոգիական մոնիթորինգ» և «Կենսատեխնոլոգիա» առարկաների բովանդակությունները։
ԵՊՀ միջազգային վարչության ղեկավար Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ «ReGrad» ծրագրի շնորհիվ ընդլայնվում են միջազգային համագործակցության հնարավորությունները: Նա այս համատեքստում հիշատակեց նաև Մոլդովայի տեխնիկական համալսարանի հետ իրականացվող «Հորիզոն Եվրոպա» նախագիծը և Ստրասբուրգի համալսարանի հետ ընթացող բանակցությունները՝ լրագրության ոլորտում 2028 թվականին ԵՊՀ-ում ուսանողներ հյուրընկալելու վերաբերյալ։







