- Главная
- Главная страница
- Գիտական գաղափարից դեպի սեփական ընկերություն․ ԵՊՀ-ում մեկնարկում է նոր ծրագիր
Октября 22, 2026 | 11:13
Կարիերա
Հետազոտություն
Գիտական գաղափարից դեպի սեփական ընկերություն․ ԵՊՀ-ում մեկնարկում է նոր ծրագիր
Երևանի պետական համալսարանը նոր քայլ է կատարում գիտական հետազոտությունների արդյունքները գործնական լուծումների և տնտեսական արժեքի վերածելու ուղղությամբ։ Համալսարանի բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը՝ ԵՊՀ նորարարական կրթաթոշակային ծրագիրը (91ÊÓƵ Innovate Fellowship Program), առաջին անգամ համալսարանում նպատակային հիմք է ստեղծում աջակցելու հետազոտողներին՝ իրենց գիտական արդյունքների կիրառական և առևտրային ներուժը գնահատելու, շուկա դուրս գալու հնարավորությունները ուսումնասիրելու և գիտահենք ընկերություններ ստեղծելու հարցում։ Ծրագիրը նախատեսված է գիտական հետազոտությունների արդյունքները գործնական լուծումների վերածելու և համալսարանական գիտության ու ձեռնարկատիրության միջև կապերն ամրապնդելու համար։
Ինչպե՞ս կարող է գիտական հետազոտության արդյունքը վերածվել կիրառելի տեխնոլոգիայի, իսկ հետազոտողը՝ գիտահենք ընկերության հիմնադրի։ Այս հարցին է միտված ԵՊՀ բիզնես ինկուբատորի ութամսյա ծրագիրը, որի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերին։
Նախաձեռնության առանցքում համալսարանական գիտության և ձեռնարկատիրության միջև նոր կապերի ձևավորումն է։ Ծրագրի նպատակն է օգնել հետազոտողներին գնահատելու իրենց գիտական արդյունքների կիրառական և առևտրային ներուժը, մշակելու դրանք շուկա դուրս բերելու հնարավոր ուղիները և նախադրյալներ ստեղծելու գիտահենք ընկերությունների հիմնադրման համար։
Ի՞նչ է համալսարանական գիտահենք ընկերությունը, և ինչո՞ւ է դրա ստեղծումը կարևոր
Համալսարանական գիտահենք ընկերությունը, որը միջազգային պրակտիկայում հայտնի է նաև spin-off անվանումով, ստեղծվում է համալսարանում ձևավորված գիտելիքի, հետազոտական արդյունքի կամ տեխնոլոգիայի կիրառման և առևտրայնացման նպատակով։
Նման ընկերությունների միջոցով գիտական մշակումները կարող են վերածվել նոր արտադրանքի, տեխնոլոգիական լուծումների կամ ծառայությունների՝ կապ ստեղծելով համալսարանի, տնտեսության և հասարակության կարիքների միջև։
Այս մոդելն աշխարհի բազմաթիվ հետազոտական համալսարաններում գիտական արդյունքների կիրառման կարևոր մեխանիզմներից է։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն զարգացնելու նորարարական ձեռնարկատիրությունը, այլև ընդլայնելու համալսարանի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ, ներգրավելու ներդրումներ և ստեղծելու հետազոտությունների զարգացման նոր հնարավորություններ։
ԵՊՀ-ում այս ուղղությամբ նպատակային ծրագրի իրականացումը կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ համալսարանական գիտական արդյունքների առևտրայնացումը դիտարկվում է ոչ թե որպես առանձին հետազոտողի անհատական նախաձեռնություն, այլ որպես համակարգված աջակցության կարիք ունեցող գործընթաց։
Գիտական գաղափարից դեպի շուկա․ ինչպե՞ս է աջակցելու ծրագիրը
Ծրագիրը նախատեսված է ասպիրանտուրայի ավարտական փուլում գտնվող սովորողների և վերջին երեք տարում PhD աստիճան ստացած հետազոտողների համար, որոնց գիտական աշխատանքներն ունեն գործնական կիրառության և առևտրայնացման ներուժ։
Ծրագիրը բաց է գիտական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների համար՝ արհեստական բանականությունից ու ճարտարագիտությունից մինչև բնական գիտություններ, կենսատեխնոլոգիաներ և սոցիալական նորարարություն։
Ութամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան մենթորական աջակցություն, կուսումնասիրեն իրենց մշակումների հնարավոր կիրառությունները և շուկայի պահանջարկը, կմշակեն բիզնես մոդելներ ու կաշխատեն արտադրանքի զարգացման ուղղությամբ։ Այս աշխատանքը մասնակիցներին կօգնի հասկանալու՝ ինչ խնդիր է լուծում իրենց մշակումը, ում կարող է այն օգտակար լինել և արդյոք դրա համար կա շուկայական պահանջարկ։
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն կենտրոնանում է ոչ թե պարզապես նորարարական գաղափարների, այլ գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման վրա։ Մասնակիցները կաշխատեն իրենց մշակումների կիրառական ներուժը գնահատելու և դրանք շուկա դուրս բերելու հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ։
Համալսարանի զարգացման նոր ուղղություն
ԵՊՀ նորարարական կրթաթոշակային ծրագիրը համալսարանում նորարարական և ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանն ուղղված աշխատանքի շարունակությունն է։ Եթե Բիզնես ինկուբատորի նախորդ նախաձեռնություններն աջակցել են ուսանողական գաղափարների և ստարտափ նախագծերի զարգացմանը, ապա նոր ծրագիրն առավել հստակ կենտրոնանում է գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման վրա։
Այս մոտեցմամբ համալսարանը ձգտում է ամրապնդելու իր դերը ոչ միայն որպես կրթություն տրամադրող և գիտելիք ստեղծող հաստատություն, այլև որպես նոր տեխնոլոգիաների և գիտահենք ձեռնարկատիրության զարգացման միջավայր։
Ծրագրի հաջող իրականացումը կարող է նախադրյալներ ստեղծել ԵՊՀ-ում առաջին համալսարանական գիտահենք ընկերությունների ձևավորման և գիտության ու տնտեսության միջև համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման համար։
Գործընկերության նոր հնարավորություններ
Ծրագիրը բաց է նաև գործարար համայնքի, տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար։
Գործընկերները կարող են ներգրավվել գիտահենք գաղափարների զարգացման գործընթացում՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն, մենթորական աջակցություն, տեխնոլոգիական և գործարար փորձառություն, ինչպես նաև նպաստելով հեռանկարային նախագծերի ֆինանսավորմանն ու շուկա դուրս գալուն։
ԵՊՀ-ն կարևորում է գիտության և գործարար միջավայրի միջև երկարաժամկետ համագործակցության ձևավորումը՝ նպատակ ունենալով ստեղծելու միջավայր, որտեղ համալսարանական հետազոտությունները կարող են վերածվել կիրառական լուծումների, իսկ գիտական գաղափարները՝ նոր ընկերությունների։
ԵՊՀ-ն հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին միանալու նախաձեռնությանը և մասնակցելու Հայաստանում համալսարանական գիտահենք ձեռնարկատիրության զարգացմանը։
Ծրագրի մանրամասներին, մասնակցության պայմաններին և համագործակցության հնարավորություններին կարելի է ծանոթանալ ։