- Главная
- Главная страница
- ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրել են կենսաբժշկական գիտություններում արհեստական բանականության կիրառությունը
Октября 28, 2026 | 16:30
Գիտություն
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրել են կենսաբժշկական գիտություններում արհեստական բանականության կիրառությունը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներն ավարտել են «Արհեստական բանականությունը կենսաբժշկական և դեղագործական գիտություններում» դասընթացը։ Գերմանիայից հրավիրված մասնագետ Ռոմեն Թոփալյանի վարած 36-ժամյա ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացել են «Python» ծրագրավորման լեզվին, տվյալների վերլուծությանն ու մեքենայական ուսուցման հիմունքներին։
Դասընթացը սեփական նախաձեռնությամբ և անվճար հիմունքներով անցկացրել է Բիբերախի կիրառական գիտությունների համալսարանի կիրառական կենսատեխնոլոգիայի ինստիտուտի (Գերմանիա) մասնագետ Ռոմեն Թոփալյանը։ Նրա նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «Python» ծրագրավորման լեզվին, տվյալների վերլուծությանն ու մեքենայական ուսուցման հիմունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով այդ գործիքների կիրառությանը կենսաբանական և դեղագործական տվյալների մշակման ոլորտում։
Ուսումնական ծրագիրը ներառել է տեսական նյութ և գործնական վարժություններ։ Մասնակիցներն աշխատել են «Jupyter» «Notebook» և «Google Colab» միջավայրերում, սովորել տվյալների մշակման ու վերլուծության համար կիրառել «Pandas» գրադարանը, ինչպես նաև կատարել տվյալների տեսապատկերում և վիճակագրական վարկածների ստուգում։ Նրանք նաև ծանոթացել են մեքենայական ուսուցման պարզ մոդելների՝ դասակարգման, ռեգրեսիայի և կլաստերավորման կառուցմանն ու գնահատմանը։ Դասընթացի ավարտին մասնակիցներն իրականացրել են նախագծեր՝ հիմնված դեղերի մշակման փորձարարական և կենսաբժշկական տվյալների վրա։
Դասընթացին նախապես գրանցվել էր ավելի քան 20 մասնակից՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ։ Նրանցից յոթը հաջողությամբ ավարտել են ծրագիրը և հաղթահարել ավարտական քննությունը։
Կենսաբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուկտետի դեկան Կարեն Ղազարյանը անդրադարձել է ուսանողների տպավորություններին և հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ։ Մասնակիցները կարևորել են դասընթացի գործնական բաղադրիչը հատկապես տվյալների հետ աշխատելու հմտությունների զարգացման տեսանկյունից։ Նրանք նաև առաջարկել են ավելացնել դասընթացի տևողությունը՝ ծրագրավորման հիմունքներին նվիրված ավելի ծավալուն ներածական բաժին ներառելու համար։
Քննարկվել է նաև դասընթացը ուսումնական պլաններում որպես կամընտրական առարկա ներառելու հնարավորությունը։ Դեկանն ու ուսանողները դիտարկել են այն բարձր կուրսերի ուսանողների համար նախատեսելու տարբերակը՝ հաշվի առնելով ծրագրի յուրացման համար անհրաժեշտ նախնական գիտելիքները։ Անդրադարձ է եղել նաև դասընթացի հետագա կազմակերպման ձևաչափերին, այդ թվում՝ առկա և առցանց ուսուցման համադրությանը։
Անդրադառնալով նախաձեռնությանն ու հետագա անելիքներին՝ նա նշել է․ «Նախաձեռնությունը մեր հյուրինն էր, որը անվճար հիմունքներով իրականացրել է այս ծրագիրը։ Արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում այսօր արդիական է, և այդ գիտելիքները կարևոր են մեր ուսանողների համար։ Մենք նպատակ ունենք համագործակցությունը դարձնելու շարունակական։ Առաջիկա ամիսներին կքննարկենք ծրագիրը հետագա կիսամյակներից մեկում որպես կամընտրական դասընթաց ուսումնական պլաններում ներառելու հնարավորությունը, որպեսզի ուսանողների գրանցած արդյունքներն ու ձեռք բերած կրեդիտներն արտացոլվեն նաև համապատասխան բուհական փաստաթղթերում։ Դիտարկում ենք նաև համագործակցությունը շարունակելու տարբերակները, այդ թվում՝ առցանց դասախոսությունների և հրավիրյալ դասախոսի ներգրավման միջոցով»։
Դասընթացը կարևոր քայլ է կենսաբժշկական և դեղագործական գիտություններում արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ ուսանողների գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Նախատեսվող համագործակցության շարունակությունը հնարավորություն կտա ընդլայնելու այս ոլորտում ուսանողների կրթական հնարավորությունները։