- Главная
- Главная страница
- Միջազգային հրատարակչությունը լույս է ընծայել ԵՊՀ դոցենտի խմբագրությամբ հետազոտական մենագրություն
Ноября 24, 2026 | 10:06
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մարդու իրավունքներ
Միջազգային հրատարակչությունը լույս է ընծայել ԵՊՀ դոցենտի խմբագրությամբ հետազոտական մենագրություն
Միջազգային հեղինակավոր ակադեմիական «Routledge» հրատարակչությունը լույս է ընծայել «Դիմակայունությունն ու քաղաքական կայունությունը հիբրիդային պատերազմի և խաղաղության ստվերում․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան և Ուկրաինա» (Resilience and Political Stability in the Shadow of Hybrid War and Peace: Armenia, Georgia, Azerbaijan, Türkiye, Iran, Russia and Ukraine) անգլիալեզու կոլեկտիվ մենագրությունը՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտական բաժնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Ալեքսանյանի խմբագրությամբ։
Հետազոտության հեղինակներն են Արուսյակ Ալեքսանյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ալեքսանյանը, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արտյոմ Տոնոյանը, Աննա Սարգսյանը և Վանատուր Շերենցը։ Մենագրության առանցքում յոթ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական կայունության համեմատական ուսումնասիրությունն է։ Հեղինակները վերլուծում են պետությունների դիմակայունությունը պայմանավորող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործոնները՝ բացահայտելով ինչպես տարածաշրջանի ընդհանուր զարգացումները, այնպես էլ առանձին երկրների քաղաքական համակարգերի առանձնահատկությունները։
Հետազոտության մեթոդաբանական հիմքը Արուսյակ Ալեքսանյանի մշակած «Քաղաքական համակարգերի կայունության ինդեքս»-ն է, որը հնարավորություն է տալիս գնահատելու և համեմատելու քաղաքական կայունությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վարչակարգերի պայմաններում։ Առանձին երկրների ուսումնասիրությունները լրացվում են միջերկրային համեմատական վերլուծությամբ՝ ապահովելով խնդրի համակողմանի դիտարկում։
Աշխատանքում անդրադարձ է կատարվում նաև արտաքին դերակատարների ազդեցությանը, ավտորիտար միտումներին, հետհակամարտային իրողություններին և տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերափոխումներին։ Հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել նաև 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքներին և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին՝ դիտարկելով դրանց ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության և քաղաքական կայունության վրա։