- Главная
- Главная страница
- «Բառարաններն ասես որոշակի ժամանակաշրջանում ապրած մարդկանց գիտակցության արտացոլանքն են»․ Ալեքսանդրա Օլխովսկայա
Ноября 25, 2026 | 15:15
Գիտություն
Միջազգային համագործակցություն
«Բառարաններն ասես որոշակի ժամանակաշրջանում ապրած մարդկանց գիտակցության արտացոլանքն են»․ Ալեքսանդրա Օլխովսկայա
«Ապագայի գիտնականները» միջազգային դասախոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դասախոսությամբ է հանդես եկել ռուս լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, բառարանագրության մասնագետ Ալեքսանդրա Օլխովսկայան։
«Կորպուսային դարաշրջանը լեզվաբանության մեջ. կորպուսը՝ որպես մեթոդ և գաղափարախոսություն» խորագրով դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձել է լեզվաբանական հետազոտություններում լեզվական կորպուսների նշանակությանը, դրանց կիրառման հնարավորություններին և ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը։
Թե ինչպես է կորպուսային լեզվաբանությունը փոխում լեզվի ուսումնասիրության ավանդական մոտեցումները, ինչ դեր կարող է ունենալ արհեստական բանականությունը, և ինչու են լեզվական կորպուսներն անհրաժեշտ հատկապես երիտասարդ հետազոտողներին, պարզել ենք Ալեքսանդրա Օլխովսկայայի հետ զրույցում։
- Ձեր դասախոսության վերնագրում հետաքրքիր արտահայտություն կա՝ «կորպուսային դարաշրջան լեզվաբանության մեջ»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հասկացությունը, և ի՞նչ է փոխվել լեզվի ուսումնասիրության մեջ մեծածավալ լեզվական կորպուսների ի հայտ գալուց հետո։
- Ինձ թվում է՝ ամենակարևոր փոփոխությունն այն է, որ լեզվաբանական և, ավելի լայն առումով, բանասիրական հետազոտությունների ապացուցողական հիմքը զգալիորեն ամրապնդվել է։ Մինչկորպուսային շրջանում բազմաթիվ գիտական աշխատանքներ հիմնվում էին ենթադրությունների և վարկածների վրա, որոնք միշտ չէ, որ հաստատվում էին մեծածավալ լեզվական նյութով։
Այսօր կորպուսների շնորհիվ կարող ենք գիտական տարբեր վարկածներ և հայեցակարգեր հիմնավորել էմպիրիկ, տեսանելի և վիճակագրորեն ստուգելի տվյալներով։ Իմ կարծիքով՝ սա կորպուսային լեզվաբանության ամենակարևոր ձեռքբերումն է։
Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ վերացական լեզվական համակարգի ուսումնասիրությունից կրկին վերադարձել ենք տեքստին՝ լեզվաբանի հետազոտության հիմնական առարկային։ Գիտության զարգացման տարբեր փուլերում ուշադրության կենտրոնում եղել են բառը, քերականությունը, լեզվական կառույցները։ Այժմ կրկին ուսումնասիրում ենք տեքստը, սակայն արդեն նոր մակարդակում. այն գիտականորեն մշակված և նշագրված է, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա ավելի խորքային շերտերը։
- Ինչո՞ւ են լեզվական կորպուսներն այսօր լեզվաբանների համար այդքան կարևոր գործիք դարձել։
- Իրականում դրանք կարևոր գործիք են դարձել ի հայտ գալու պահից։ Սակայն դեռևս 1990-ականներին ստեղծված կորպուսներն ունեին մի շարք սահմանափակումներ։ Դրանք պարունակում էին համեմատաբար փոքր ծավալի նյութ և բավարար չափով նշագրված չէին, քանի որ տեքստերի ավտոմատ մշակման ու նշագրման գործիքները դեռևս այնքան արդյունավետ չէին, որքան այսօր։
Բացի դրանից՝ կորպուսները հասանելի չէին բոլոր հետազոտողներին։ Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ էր ունենալ որոշակի տեխնիկական գիտելիքներ, իսկ որոնման համակարգերն ու միջերեսները բավականին բարդ էին։
Այսօր իրավիճակն էապես փոխվել է. կորպուսները դարձել են ծավալուն, լավ նշագրված և հասանելի։ Այժմ նույնիսկ դպրոցական քերականության հիմնական տերմիններին ծանոթ լեզվաբանը կարող է ճիշտ ձևակերպել որոնման հարցումը և գտնել իրեն անհրաժեշտ արդյունքները։ Հենց այդ պատճառով կորպուսները դարձել են հետազոտության հիմնական գործիքներից մեկը։
- Ի՞նչ ապագա է սպասվում կորպուսային լեզվաբանությանը արհեստական բանականության զարգացման պայմաններում։ Կարո՞ղ են ժամանակակից տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխել լեզվի և կորպուսների ուսումնասիրության մեթոդները։
- Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ է արհեստական բանականության և լեզվական կորպուսների արդյունավետ համադրություն։
Արհեստական բանականության նեյրոնային ցանցերը նույնպես ուսուցանվում են տեքստերի մեծ հավաքածուների միջոցով։ Դրանք, եզրույթի խիստ մասնագիտական իմաստով, միշտ չէ, որ լեզվական կորպուսներ են, սակայն, միևնույն է, մեծածավալ տեքստային տվյալներ են, որոնց հիման վրա հաշվարկվում են տեքստերի կառուցման որոշակի վիճակագրական հավանականություններ։
Այնուամենայնիվ, արհեստական բանականությունն ինքնին դեռ չի կարող լիարժեքորեն ուսումնասիրել լեզուն։ Իսկ կորպուսների նշագրման գործընթացում դրա կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել։ Որքանով ինձ հայտնի է, Ազգային կորպուսի հետ աշխատող հետազոտողներն արդեն կիրառում են այս մոտեցումը՝ արհեստական բանականությունը ներմուծելով կորպուսի նշագրման համակարգ։ Այսպիսով՝ ձևավորվում է միասնական համակարգ, որտեղ համադրվում են կորպուսային տվյալներն ու նեյրոնային ցանցերը։
- Ի՞նչ կարող է տալ կորպուսային լեզվաբանությունն ուսանողներին և հատկապես երիտասարդ հետազոտողներին։ Կարո՞ղ են նրանք այս մեթոդն օգտագործել իրենց գիտական աշխատանքներում։
- Իհա՛րկե։ Կարծում եմ՝ այսօր արդեն անընդունելի է որևէ հետազոտություն կատարել՝ առանց այն կորպուսային տվյալներով հիմնավորելու։ Հատկապես լեզվաբանական, ինչպես նաև գրականագիտական ուսումնասիրությունները պետք է հիմնվեն կորպուսային լեզվաբանության մեթոդների վրա։
Ժամանակակից կորպուսներն ունեն որոնման լայն հնարավորություններ. կարելի է սահմանել տարբեր պարամետրեր և ձևակերպել գրեթե ցանկացած հետազոտական հարցում։
Դասախոսության ընթացքում փորձել եմ ուսանողներին ներկայացնել որոշակի ալգորիթմներ, որոնք կօգնեն նրանց աշխատել իրենց գիտական թեմաների և հետազոտական խնդիրների շուրջ։ Սովորաբար մեր աշխատանքներում չենք ուսումնասիրում ամբողջ լեզուն, այլ ընտրում ենք դրա որոշակի հատվածը։ Այն վերլուծելու համար նախ անհրաժեշտ է հավաքել լեզվական օրինակներ, որոնք հետագայում կուսումնասիրենք և կմշակենք։ Հենց այս հնարավորությունն է տալիս կորպուսը։
Կարծում եմ՝ սա բոլոր բանասերների համար թիվ մեկ գործիքն է։ Ուսանողներին կորպուսային լեզվաբանությանը պետք է ծանոթացնել դեռևս բուհի առաջին կուրսից, որպեսզի նրանք հենց սկզբից կարողանան դրա մեթոդները կիրառել նաև ուսումնական առաջադրանքները կատարելիս։
- Որպես լեզվաբան՝ ունե՞ք ամենասիրելի բառ։
- Ի՜նչ բարդ հարց է։ Երևի, իմ ամենասիրելի բառը բառարանն է։
- Ինչո՞ւ հենց այդ բառը։
- Նախ՝ որովհետև ամբողջ կյանքս զբաղվել եմ բառարանագրությամբ՝ բառարանների կազմման գիտությամբ։ Ինձ թվում է՝ բառարանը յուրահատուկ տեքստ է, որը մեզ համար բացահայտում է աշխարհի պատկերը։
Բառարաններն ասես որոշակի ժամանակաշրջանում ապրած մարդկանց գիտակցության արտացոլանքն են։ Դրանցում պահպանվում են տվյալ ժամանակի համար արդիական բառերը, գաղափարներն ու պատկերացումները։ Ինձ շատ հարազատ է նաև բառարանում աշխարհի դասակարգման և համակարգման սկզբունքը, քանի որ այն որոշ չափով բացահայտում է տիեզերքի կառուցվածքը։