- Գլխավոր
- Նորություններ
- Առաջնորդությունը ճգնաժամի պայմաններում՝ փորձի, ճկունության և վստահության համադրություն. Դավիթ Հակոբյանի բաց դասախոսությունը ԵՊՀ-ում
Նոյեմբեր 25, 2026 | 12:25
Գիտություն
Շրջանավարտներ
Առաջնորդությունը ճգնաժամի պայմաններում՝ փորձի, ճկունության և վստահության համադրություն. Դավիթ Հակոբյանի բաց դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց «Առաջնորդությունը ճգնաժամի ժամանակներում. դասեր Աֆղանստանից, Սոմալիից և Սիրիայից» խորագրով բաց դասախոսություն։ Միջազգային զարգացման և ճգնաժամերի կառավարման մասնագետ, ՀՀ նախագահի ավագ խորհրդական, ԵՊՀ շրջանավարտ, դոկտոր Դավիթ Հակոբյանը ներկայացրեց ճգնաժամային իրավիճակներում առաջնորդության առանձնահատկությունները՝ անդրադառնալով Աֆղանստանում, Սոմալիում և Սիրիայում իր մասնագիտական փորձին։
Ինչպե՞ս առաջնորդել, երբ իրավիճակն անկանխատեսելի է, որոշումները պետք է կայացնել սահմանափակ ժամանակում ու ոչ լիարժեք տեղեկատվության պայմաններում, իսկ դրանց հետևանքները կարող են վճռորոշ լինել հազարավոր մարդկանց կյանքի ու անվտանգության համար։ Ինչպե՞ս պահպանել կառավարման արդյունավետությունը պատերազմների, քաղաքական անկայունության և խորքային ճգնաժամերի պայմաններում։ Այս հարցերն էին հանդիպման առանցքում։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնց բախվում են առաջնորդները ծայրահեղ և անկայուն իրավիճակներում։ Նման պայմաններում կառավարման ավանդական մոտեցումները հաճախ չեն տալիս ակնկալվող արդյունքը, իսկ որոշումների կայացումը պահանջում է արագ կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն։
Հատուկ ուշադրություն դարձվեց ճգնաժամային կառավարման գործում փորձի, ճկունության և վստահության նշանակությանը։ Բանախոսի դիտարկմամբ՝ ճգնաժամային պայմաններում առաջնորդի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև անորոշության պայմաններում պատասխանատվություն ստանձնելու, իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու և մարդկանց համախմբելու կարողությամբ։
«Նման պայմաններում առաջնորդությունը միայն որոշումներ կայացնելու կամ հրահանգներ տալու կարողություն չէ. այն ենթադրում է պատասխանատվության ստանձնում, ռիսկերի գնահատում, սահմանափակ ռեսուրսների պայմաններում ճիշտ առաջնահերթությունների սահմանում և թիմի ու գործընկերների վստահության պահպանում»,- ընդգծեց Դավիթ Հակոբյանը։
Կարևորվեց նաև մարդկային գործոնը։ Ճգնաժամային իրավիճակներում, երբ անորոշությունն ու լարվածությունը կարող են ազդել մարդկանց վարքագծի և որոշումների վրա, առաջնորդի դերը չի սահմանափակվում կառավարման գործընթացների կազմակերպմամբ։ Կարևոր են նաև վստահության մթնոլորտի ձևավորումը, արդյունավետ հաղորդակցությունը և թիմի անդամների ներգրավվածության պահպանումը։
Աֆղանստանի, Սոմալիի և Սիրիայի օրինակներով ՀՀ նախագահի ավագ խորհրդականն անդրադարձավ հակամարտային տարբեր միջավայրերում կառավարման բարդություններին, միջազգային համագործակցության առանձնահատկություններին և ճգնաժամային իրավիճակներում կայացվող որոշումների արդյունավետության վրա ազդող գործոններին։ ՄԱԿ-ում շուրջ 27 տարվա աշխատանքի ընթացքում կուտակած փորձի ներկայացումը մասնակիցներին հնարավորություն տվեց ավելի համապարփակ պատկերացում կազմելու այն մասին, թե ինչպես են կառավարման տեսական սկզբունքները կիրառվում իրական, հաճախ ծայրահեղ բարդ իրադրություններում։
Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան միջազգային փորձը դիտարկելու մասնագիտական և ակադեմիական տեսանկյուններից՝ քննարկելով ճգնաժամային կառավարման ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավոր մոտեցումները։ Ուսանողները նաև ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ամփոփիչ քննարկումն ուղղված էր հանդիպման հիմնական նպատակի իրագործմանը՝ միջազգային փորձը մասնակիցների համար հասանելի և հետագա մասնագիտական գործունեության մեջ կիրառելի գիտելիք դարձնելուն։


