October 28, 2026 | 10:30
Science
International cooperation
Literature helps us understand others and ourselves — Saeed Talajooy
How do literature and film help us learn about other societies, understand people's values and reassess our own perceptions? We discussed these questions with Saeed Talajooy, a specialist in Persian literature and Iranian culture and a senior lecturer at the University of St Andrews.
Թալաջուի գիտական հետաքրքրությունների առանցքում մշակույթի միջոցով հասարակությունն ու մարդկային հարաբերությունները հասկանալու հարցն է։
Հարցազրույցի շրջանակում անդրադարձել ենք նրա գիտական ուղու ձևավորմանը, գրականության և կինոյի ճանաչողական նշանակությանը, իրանական մշակույթում ջավանմարդիի՝ ասպետական վարքականոնի գաղափարին, ինչպես նաև հայ-իրանական մշակութային կապերին և համատեղ հետազոտությունների հնարավորություններին։
- Պարո՛ն Թալաջու, Դուք երկար տարիներ ուսումնասիրում եք պարսկական գրականությունը, իրանական կինոն ու թատրոնը և մշակութային ինքնության հարցերը։ Ինչի՞ց սկսվեց Ձեր հետաքրքրությունը, և ինչպե՞ս ձևավորվեց Ձեր գիտական ուղին։
- Գրականության և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունս սկսվել է շատ վաղ՝ մոտ յոթ-ութ տարեկանից։ Սիրում էի կարդալ ոչ միայն մանկական պատմություններ, այլև տարբեր հասարակությունների ու մշակույթների մասին ստեղծագործություններ, որոնք օգնում էին ճանաչելու աշխարհն ու շրջապատող մարդկանց։ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի խորացրեց այդ հետաքրքրությունը։ Այդ ժամանակ մոտ տասներկու-տասներեք տարեկան էի։ Սկսեցի մտածել քաղաքականության մասին, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե քաղաքական խմբերի պայքարը, այլ այն հարցը, թե ինչ է անհրաժեշտ իրանցիներին՝ ավելի լավ հասարակություն կառուցելու համար։ Ինձ անհանգստացնում էր, թե ինչու մարդիկ հաճախ չեն կարողանում հանդուրժել միմյանց և ինչու են ձգտում վերացնելու իրենցից տարբերվողներին՝ համագործակցելու և ընդհանուր ապագա կառուցելու փոխարեն։
Տասներեք-տասնչորս տարեկանում մի քանի համախոհների հետ մեր թաղամասում փոքր գրադարան հիմնեցինք։ Գրքեր էինք բերում մեր տներից, որոշ գրքեր վերցնում էինք նաև մեր հարազատներից։ Ժամանակի ընթացքում հավաքածուն հասավ մոտ հազար գրքի։ Մենք դրանք տրամադրում էինք ընթերցողներին՝ փորձելով ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կարող էին հանդիպել գաղափարների ու գրականության միջոցով։
Սակայն հետհեղափոխական շրջանում քաղաքական հակասություններն ավելի սրվեցին, և ստիպված եղանք փակել գրադարանը։ Այդ փորձառությունն ինձ ավելի հստակ ցույց տվեց, թե որքան հեշտությամբ կարող են գաղափարական հակամարտությունները խոչընդոտել մարդկանց համագործակցությունը։ Հետագայում, երբ որոշ ժամանակ չկարողացա համալսարան ընդունվել, ավելի խորությամբ ուսումնասիրեցի հոգեբանություն, սոցիոլոգիա, Իրանի պատմություն, գրականություն, կինո և թատրոն։ Սկզբում դա աշխարհը հասկանալու ձգտում էր, բայց աստիճանաբար վերածվեց հետազոտական աշխատանքի։ Ժամանակի ընթացքում կենտրոնացա նաև իրանական թատրոնի պատմության և Բահրամ Բեյզայիի ստեղծագործությունների ուսումնասիրության վրա։
Այնուամենայնիվ, իմ աշխատանքի հիմքում միշտ նույն հարցն է եղել՝ ինչպե՞ս կարող ենք հասկանալ ինքներս մեզ և ուրիշներին, որ ավելի լավ ապրենք միասին։ Կարծում եմ՝ գրականությունը, կինոն և մշակույթի մյուս ձևերը կարող են օգնել մեզ գտնելու այդ հարցի հնարավոր պատասխանները։
- Ի՞նչ կարող են պարսկական գրականությունն ու իրանական կինոն սովորեցնել հայ ուսանողներին, ինչը գուցե հնարավոր չէ ամբողջությամբ յուրացնել միայն պատմության դասագրքերի կամ քաղաքական վերլուծությունների միջոցով։
- Հայ ուսանողների համար այս հարցը հատկապես հետաքրքիր է։ Հայաստանն ունի հարևան ժողովուրդների ու մշակույթների հետ երկարատև շփումների պատմություն։ Տարբեր լեզուների ու մշակույթների հետ շփումը կարող է նպաստել ստեղծագործական մտածողության զարգացմանն ու աշխարհն ավելի լայն տեսանկյունից ընկալելուն։ Մշակույթը ճանաչելու համար բավարար չէ միայն տեղեկություններ հավաքել այն մասին, թե ով է եղել թագավորը, ինչ քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել կամ ինչպես են զարգացել պետությունների հարաբերությունները։ Այդ ամենը կարևոր է, բայց միշտ չէ, որ օգնում է հասկանալու մարդկանց մտածողությունը, զգացմունքները, վախերն ու արժեքները։
Իրանցիներին հասկանալու համար կարևոր է ուսումնասիրել նրանց գրականությունը, կինոն և առասպելները, որոնք բացահայտում են մարդկանց ինքնընկալումը, արժեքներն ու ուրիշների հետ հարաբերությունների մասին պատկերացումները։ Նույն կերպ հայկական ժողովրդական պատմությունները, գրականությունն ու կինոն կարող են բացահայտել հայերի համար կարևոր արժեքները։ Այս ստեղծագործությունների համեմատական ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նկատելու երկու մշակույթների ընդհանրություններն ու տարբերությունները։
Հաճախ եմ ասում, որ ուրիշի պատմությունը ճանաչելը հեշտացնում է նրան հասկանալն ու ընդունելը։ Երբ չգիտենք ուրիշի պատմությունը, կարող ենք նրան ընկալել որպես հակառակորդ։ Բայց երբ փորձում ենք հասկանալ նրա փորձառությունը, աշխարհայացքն ու մշակութային միջավայրը, ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում երկխոսության և համագործակցության համար։ Այդ պատճառով գրականությունն ու կինոն կարևոր են նաև պատմություն կամ քաղաքականություն ուսումնասիրողների համար։ Դրանք օգնում են խորանալու հասարակության ներքին կյանքում և հասկանալու այն, ինչ երբեմն մնում է քաղաքական իրադարձությունների արտաքին շերտի հետևում։
Կարծում եմ՝ քաղաքականության ուսումնասիրությունը՝ առանց մշակույթի և գրականության իմացության, կարող է մակերեսային մնալ։ Լավ դիվանագետը պետք է հասկանա ոչ միայն այն, ինչ ասում է իր զրուցակիցը, այլև այն մշակութային միջավայրը, որտեղ ձևավորվել են նրա պատկերացումներն ու արժեքները։
- Ձեր հետազոտություններում, մասնավորապես Բահրամ Բեյզայիի ստեղծագործություններում հերոսության գաղափարն ուսումնասիրելիս անդրադառնում եք ջավանմարդիի ավանդույթին։ Ինչպե՞ս կբացատրեք այդ հասկացությունը հայ ուսանողներին, և ի՞նչ ընդհանրություններ կարող են լինել դրա ու հայկական մշակութային ավանդույթների միջև։
- Ջավանմարդին (պարսկերեն՝ ÂᲹ±¹Äå²Գ¾²¹°ù»åī) իրանական մշակութային ավանդույթում կապված է ասպետական վարքականոնի, առաքինության, պատվի և ուրիշների հանդեպ պատասխանատվության գաղափարների հետ։ Տարբեր հասարակություններ ունեցել են ասպետական վարքականոնի և հերոսության իրենց պատկերացումները։ Դրանցից շատերը կապված են երիտասարդության ուժի ու եռանդի հետ։ Հիմնական հարցն այն է, թե ինչպես է ուղղորդվում այդ ուժը՝ դեպի կործանո՞ւմ, թե՞ հասարակության համար օգտակար գործունեություն։
Պարսկերենում «ջավան» նշանակում է «երիտասարդ», իսկ «մարդ» բառը կապված է «տղամարդ» հասկացության հետ։ Սակայն ջավանմարդիի գաղափարը միայն բառացի իմաստով հասկանալը բավարար չէ։ Այն ենթադրում է հասունացում, պատասխանատվության ստանձնում և սեփական ուժն ավելի բարձր նպատակի ծառայեցում։ Ջավանմարդին կարևորում է քաջությունը, պատիվը, հավատարմությունը, կարեկցանքն ու ուրիշներին պաշտպանելու պատրաստակամությունը։ Այս իդեալում ուժեղ է ոչ թե նա, ով պարզապես հաղթում է ուրիշներին, այլ նա, ով իր ուժն օգտագործում է խոցելի մարդկանց պաշտպանելու և հասարակության բարօրությանը նպաստելու համար։
Ջավանմարդիի ավանդույթում կարելի է առանձնացնել հերոսականության մի քանի կերպար։ Առաջինը փահլÃýանն է՝ հզոր մարտիկը, որը պաշտպանում է մարդկանց և անհրաժեշտության դեպքում պատրաստ է զոհաբերելու սեփական շահը։ Երկրորդը այարն է՝ հնարամիտ ու ճարպիկ կերպարը, որն իր հմտություններն օգտագործում է անարդարության դեմ պայքարելու և կարիքավորներին օգնելու համար։ Երրորդը փիրն է՝ իմաստուն մարդը, որը գիտելիքի, փորձի և նոր գաղափարների միջոցով օգնում է հասարակությանը ճիշտ ուղի գտնելու։ Այս կերպարները ցույց են տալիս, որ հերոսությունը միայն ֆիզիկական ուժի կամ ռազմական հաղթանակի մասին չէ։ Այն ներառում է նաև իմաստություն, պատասխանատվություն և ուրիշների հանդեպ հոգատարություն։
Կարծում եմ՝ նման գաղափարներ կարելի է գտնել նաև հայկական մշակույթում։ Եթե ուսումնասիրենք հայկական էպոսն ու ժողովրդական պատմությունները, կտեսնենք հերոսների, որոնք իրենց ուժն ու կարողություններն օգտագործում են համայնքը պաշտպանելու կամ մարդկանց միավորելու համար։ Հայկական «Սասնա ծռեր» էպոսում նույնպես կարելի է գտնել համայնքի պաշտպանությանն ու արդարության վերականգնմանն ուղղված հերոսության գաղափարը։ Այս ընդհանրությունը կարող է հիմք դառնալ երկու մշակույթների հերոսական պատկերացումների համեմատական ուսումնասիրության համար։
Ջավանմարդիի գաղափարը կարևոր է նաև ժամանակակից հասարակության համար։ Այն հիշեցնում է, որ ուժն ու եռանդը պետք է ծառայեն կյանքը պաշտպանելուն, ոչ թե այն ոչնչացնելուն։
- Հայաստանը և Իրանը մշակութային փոխազդեցության երկար պատմություն ունեն։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հայ և իրանցի հետազոտողների համագործակցության համար։
- Հայերի ներկայությունն իրանական մշակույթում և երկու հասարակությունների երկարատև շփումները հետաքրքիր հետազոտական հնարավորություններ են ստեղծում։
Սա չի նշանակում, որ մի դիրքորոշումը մյուսից անպայման ավելի լավն է։ Սակայն տարբեր միջավայրերի փորձառությունը կարող է նոր հարցեր առաջադրել և օգնել գտնելու նոր լուծումներ։ Այդ պատճառով հայ և իրանցի հետազոտողների համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Համատեղ հետազոտությունների ուղղություններ կարող են լինել ժողովրդական էպոսների, հերոսության պատկերացումների, թատրոնի պատմության, գրական ավանդույթների և կինոյում մշակութային ինքնության ներկայացման համեմատական ուսումնասիրությունները։ Հետազոտողները կարող են նաև ուսումնասիրել համերաշխության, պատվի, պատասխանատվության և համակեցության գաղափարների դրսևորումները երկու հասարակություններում։
Համագործակցությունը չի ենթադրում բոլոր հարցերում համաձայնություն։ Կարևոր է, որ տարբերություններն ու տարաձայնությունները չխոչընդոտեն երկխոսությունը և համատեղ աշխատանքը։ Մենք կարող ենք քննարկել տարբեր դիրքորոշումներ, հասկանալ միմյանց շահերը և փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան շարունակելու համատեղ աշխատանքը։
- Իրանական մշակույթն ուսումնասիրել ցանկացող ուսանողներին ինչո՞ւ խորհուրդ կտայիք առաջին հերթին դիտել իրանական ֆիլմեր։
- Եթե ցանկանում եք սկսել իրանական մշակույթի ուսումնասիրությունը, առաջին հերթին խորհուրդ կտայի ուսումնասիրել կինոն։ Կինոն կարող է լավ մեկնարկային կետ լինել մեկ այլ մշակույթ ճանաչելու համար։ Նույնիսկ եթե դիտողը լիովին չի տիրապետում ֆիլմի լեզվին, տեսողական պատմությունը կարող է օգնել հասկանալու կերպարների հարաբերությունները, զգացմունքներն ու իրավիճակները։
Իրանական կինոյում կան տարբեր ժանրերի և ուղղությունների ֆիլմեր, որոնցից շատերն անդրադառնում են հասարակության արժեքներին, հակասություններին և առօրյա կյանքին։ Խորհուրդ կտայի դիտել տարբեր բնույթի ֆիլմեր և չսահմանափակվել միայն միջազգային ճանաչում ունեցող հեղինակների գործերով։ Այդպես հնարավոր կլինի ծանոթանալ թե՛ մշակութային խորքային հարցերին, թե՛ մարդկանց առօրյա կյանքին։ Այնուհետև կարելի է անցնել գրականությանը, թատրոնին և լեզվի ուսումնասիրությանը։ Պարսկերենի իմացությունը նոր հնարավորություններ է բացում, քանի որ հնարավորություն է տալիս անմիջականորեն կարդալու ստեղծագործությունները և ավելի լավ հասկանալու դրանց լեզվական ու մշակութային նրբությունները։ Օրինակ՝ «Շահնամե» էպոսը կարող է շատ բան բացահայտել իրանական մշակութային հիշողության, հերոսության պատկերացումների և պատմական ինքնության մասին։ Նույն կերպ յուրաքանչյուր ժողովուրդ կարող է սեփական էպոսի ու ժողովրդական պատմությունների միջոցով ավելի լավ հասկանալ իր մշակույթի հիմնարար շերտերը։
Կարևոր է ֆիլմերը դիտել ոչ միայն որպես ժամանց, այլև որպես ուսումնասիրության նյութ։ Փորձե՛ք հասկանալ կերպարների վարքի դրդապատճառները, նրանց արժեքներն ու հարաբերությունները, ապա համադրել դիտածը պատմական և քաղաքական ուսումնասիրությունների հետ։ Այդպես մշակութային ու պատմական գիտելիքները կլրացնեն միմյանց։
- Հայկական ո՞ր ֆիլմերը կամ հայկական մշակույթին առնչվող ո՞ր կինոգործերն եք առանձնացնում, և իրանական ո՞ր ֆիլմը խորհուրդ կտայիք ուսանողներին։
- Բարդ հարց է։
Հիշում եմ «Չեշմե» վերնագրով ֆիլմը՝ կապված հայկական առասպելի հետ։ Այն ստեղծել է իրանահայ ռեժիսոր Արբի Հովհաննիսյանը։ Այդ ֆիլմն ինձ համար հետաքրքիր էր, որովհետև հնարավորություն էր տալիս հասկանալու, թե ինչպես կարելի է ժողովրդական պատմության միջոցով ներկայացնել մարդկային զգացմունքները։ Այն հայկական մշակույթի որոշ կողմերը բացահայտելու հետաքրքիր օրինակ է։
Իրանական կինոյից կառանձնացնեի Բահրամ Բեյզայիի «Բաշուն՝ փոքրիկ օտարականը» ֆիլմը, որն անդրադառնում է մարդկային համերաշխության, հոգատարության և պատկանելության հարցերին։
Ֆիլմի կենտրոնում գյուղացի կինն է, որի կերպարի միջոցով բացահայտվում են հոգատարության, քաջության և ուրիշին պաշտպանելու պատրաստակամության գաղափարները։ Ինձ համար կարևոր է, որ դրանք ներկայացվում են ոչ թե վերացական դատողությունների, այլ իրական մարդկանց վարքի միջոցով։ Ֆիլմը հիշեցնում է, որ մարդու արժեքը որոշվում է ոչ միայն նրա ծագմամբ կամ պատկանելությամբ, այլև ուրիշների հանդեպ վերաբերմունքով։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք հայ ուսանողներին, որոնք ցանկանում են մասնագիտանալ իրանագիտության ոլորտում։ Ի՞նչ հմտություններ և մոտեցումներ են կարևոր այդ ոլորտում հաջողելու համար։
- Խորհուրդ կտայի պահպանել միջառարկայական մտածողությունը։
Եթե ցանկանում եք հասկանալ որևէ հասարակություն, մի՛ սահմանափակվեք միայն պատմական փաստերով։ Պատմությունն օգնում է հասկանալու իրադարձությունների հաջորդականությունը, սոցիոլոգիան բացահայտում է հասարակական հարաբերությունները, հոգեբանությունը՝ մարդկանց վարքի որոշ դրդապատճառները, իսկ գրականությունը՝ մարդկային փորձառության խորքային շերտերը։
Յուրաքանչյուր գիտակարգ որոշակի տեսանկյուն է առաջարկում։ Եթե ուսումնասիրում եք միայն մեկ ուղղություն, կարող եք տեսնել խնդրի մի մասը՝ չնկատելով մյուս կողմերը։ Իսկ երբ համադրում եք տարբեր գիտակարգեր, կարող եք ավելի ամբողջական պատկեր կազմել։
Նույնը վերաբերում է մշակութային ինքնությանը։ Այն ուսումնասիրելիս կարևոր է հաշվի առնել, որ մարդու պատկանելությունը բազմաշերտ է․ այն ներառում է ազգային, լեզվական, հասարակական և այլ բաղադրիչներ։
Խորհուրդ կտայի նաև հնարավորինս շատ լեզուներ սովորել և ծանոթանալ տարբեր մշակույթների։ Պապս ասում էր, որ յուրաքանչյուր նոր լեզու, որը սովորում ես, քեզ դարձնում է մեկ այլ մարդ։ Ես այդ միտքը հասկանում եմ այն իմաստով, որ նոր լեզուն ընդլայնում է աշխարհը տեսնելու հնարավորությունները։ Այն հնարավորություն է տալիս հասկանալու ուրիշների մտածողությունն ու արտահայտվելու ձևերը։
Սակայն պարզապես այլ մշակույթների մասին տեղեկություններ հավաքելը բավարար չէ։ Պետք է նաև ստեղծագործել՝ նոր հարցեր առաջադրել, համեմատություններ անել, սեփական եզրակացություններ ձևավորել և սովորածը կիրառել։
Իմ կարծիքով՝ գիտության և կրթության մեծ արժեքներից մեկն այն է, որ դրանք մեզ հնարավորություն են տալիս աշխարհը տեսնելու նոր ձևեր գտնել։ Լավ հետազոտողը նա չէ, ով պարզապես կրկնում է արդեն հայտնի տեղեկությունները, այլ նա, ով կարողանում է համադրել տարբեր տեսանկյուններ և առաջարկել նոր մեկնաբանություն։