September 25, 2026 | 12:00
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
̸շակույթ
Երկնային Երուսաղեմը՝ արծաթի վրա. ԵՊՀ հետազոտողի բացահայտումը
ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Մարիամ Վարդանյանը «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված Q1 վարկանիշ ունեցող «Religions» պարբերականում հրապարակել է գիտական հոդված՝ նվիրված Ռումինիայի հայոց թեմի հավաքածուում պահվող արծաթե տապանակին։ «Ռումինիայի հայոց թեմի հավաքածուի արծաթե տապանակը. Երկնային Երուսաղեմի պատկե՞ր» խորագրով հոդվածը, որը լույս է տեսել 2026 թ․ փետրվարին, նոր էջ է բացում հայկական ծիսական արվեստի ուսումնասիրության մեջ։
Մարիամ Վարդանյանը եկել է այն եզրահանգման, որ Ռումինիայի հայոց թեմի հավաքածուում պահվող արծաթե տապանակը կարող է ոչ միայն Երկնային Երուսաղեմի պատկերագրական մեկնաբանություն լինել, այլև հայկական ծիսական եզակի առարկա։
Նրա հետ զրույցում անդրադարձել ենք արծաթե տապանակի պատմությանը, դրա պատկերագրությանն ու չբացահայտված գաղտնիքներին։
Արծաթե տապանակի պատմությունն ու պատկերագրությունը
Մարիամ Վարդանյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է Ռումինիայի հայոց թեմի հավաքածուում պահվող արծաթե տապանակը՝ փորձելով հասկանալ դրա խորհուրդը։
«Այս ծիսական առարկայի վրա պատկերված են Հիսուս Քրիստոսի 12 առաքյալները և գմբեթներ։ Սակայն առարկայի կիրառական գործառույթը մինչ օրս պարզ չէ։ Այն չունի բացվելու որևէ տեղ, արծաթե թիթեղներն ամուր փակցված են վրան փոքր գամերով: Առարկան նաև որևէ ռենտգենյան ուսումնասիրություն չի անցել, որ իմանանք, թե ինչ կա ներսում»,- նշեց Մարիամ Վարդանյանը։
Տապանակի պատմական արժեքն է՛լ ավելի է մեծանում դրա ստորին մասում առկա հայերեն արձանագրության շնորհիվ։
«Առարկայի ստորին երեսին կա արձանագրություն, որտեղ նշված է, որ 1799 թվականին Ֆոքշանից Մահտեսի Ասֆատուրը նվիրել է Ֆոքշանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Այս արձանագրությունը վկայում է ուշագրավ մի երևույթի՝ Երուսաղեմ կատարած ուխտագնացության մասին, քանի որ մահտեսի անվանում էին այն մարդկանց, որոնք գնացել էին Երուսաղեմ՝ ուխտի: Կար նաև մի այսպիսի սովորություն․ ուխտի գնացողները պարտադիր իրենց բնակավայրի եկեղեցու և դպրոցի համար բերում էին նվերներ, ընդ որում՝ ամենալավը, ինչ որ կարող էին ձեռք բերել: Եվ այն պետք է խորհրդանշեր նրանց ապրումները, կատարած ուխտը, այն, որ տեսել են Տիրոջ գերեզմանը և այլն»,- ընդգծեց ԵՊՀ հետազոտողը։
Նա հավելեց՝ Ռումինիայի Ֆոքշան քաղաքում գործում է հայկական համայնք և կա հայկական երեք եկեղեցի։
Արծաթե տապանակի խորհրդանիշները վերծանելու հարցում Մարիամ Վարդանյանին օգնել է աստվածաշնչյան տեքստը, մասնավորապես՝ Հովհաննեսի Հայտնությունը, որտեղ Երկնային Երուսաղեմը նկարագրվում է որպես քառակողմ քաղաք՝ հիմնված 12 առաքյալների վրա։ Ի տարբերություն աստվածաշնչյան տեքստի, որտեղ քառակողմ քաղաքի յուրաքանչյուր կողմում նշվում է երեք առաքյալ, այս տապանակը ուղղանկյուն է։
«Ուսումնասիրության ընթացքում գտել եմ նույնատիպ առարկա, որը, իհարկե, հայկական չէ և թվագրվում է 9-13-րդ դարերով: Այդ առարկայի վրա պատկերված են առաքյալները, և ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ դա Երկնային Երուսաղեմի պատկերն է: Կարոլինգյան ծագում ունեցող այս առարկան ունի չափսերի նույն հարաբերակցությունը, ինչ Ռումինիայի հայոց թեմի հավաքածուի արծաթե տապանակը»,- ասաց նա և հավելեց, որ արծաթե տապանակի վրա պատկերված են 12 առաքյալները․ նեղ հատվածներում՝ երկուական, երկայնական կողմերում՝ չորսական։ Վերևում պատկերված են եկեղեցիների ինը գմբեթներ՝ վեցը՝ միմյանց նման, երկուսը՝ միմյանց, իսկ մեկը՝ տարբերվող։
Մարիամ Վարդանյանի խոսքով՝ Կարոլինգյան տապանակի վրա Աստվածաշնչում նկարագրված լույսի խորհուրդը փոխանցվում է բյուրեղապակու միջոցով, իսկ արծաթե տապանակի դեպքում վարպետն այլ լուծում է կիրառել։
«Մեր առարկայի վրա չկա բյուրեղապակի, բայց այդ լույսի ներթափանցման խորհուրդը փոխանցվում է զուգաթել տեխնիկայով պատրաստված գմբեթների միջոցով, քանի որ զուգաթելը ցանցկեն է, թափանցիկ, և լույսը բեկվում է, շողում, փայլում, այսինքն՝ հնարավորություն է տալիս լույսին խաղալու առարկայի տեսքի հետ: Իմ հետևությունն այն է, որ վարպետն այս առարկան պատրաստելիս բյուրեղապակին փոխարինել է զուգաթել տեխնիկայով»,- մատնանշեց նա։
Հետազոտողի խոսքով՝ այս նուրբ զուգաթելի (ֆիլիգրանի) տեխնիկայով պատրաստված գմբեթներն են, որ առարկային հաղորդում են վառ հայկական ինքնություն, մինչդեռ առանց դրանց՝ զուտ առաքյալների պատկերները հարում են արևմտյան պատկերագրությանը։
«17-րդ դարից հետո արդեն եղան մշակութային գլոբալ փոփոխություններ, և ամբողջ քրիստոնեական Արևելքում պատկերագրության մեջ տարածում գտան արևմտյան պատկերատիպերը: Բայց երբ նայում ենք գմբեթների հետ միասին, ամբողջովին հայկական արվեստի տպավորություն է ստեղծվում»,- ընդգծեց նա։
Մարիամ Վարդանյանի մեկնաբանությամբ՝ գմբեթները ոչ միայն հիշեցնում են հայկական ճարտարապետությունը, այլև նմանվում են հայկական մանրանկարչության լուսանցքներում պատկերվող տաղավարիկներին (tempiettos), որոնք ևս խորհրդանշում են երկնային Երուսաղեմը։
Կոստանդնուպոլսի հայ վարպետների ձեռագիրը
«Տապանակի տակ առկա է նաև պատրաստման վայրի մասին հիշատակումը՝ «Ստանպօլ շինուեցաւ»: Կոստանդնուպոլիսը հայտնի էր հատկապես իր հայ վարպետներով։ Նրանք մեծ դեր են ունեցել Օսմանյան կայսրությունում, այդ թվում՝ որպես արքունի գլխավոր ոսկերիչներ»,- ասաց ԵՊՀ դասախոսը։
Ըստ հետազոտողի՝ պահպանվել են նաև ուխտավորների ճամփորդության մասին տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ նրանք Ռումինիայից ծովով գնացել են Կոստանդնուպոլիս և այնտեղից էլ ձեռք են բերել իրենց ուխտի նվերը։
Անտեսված ժառանգության ուսումնասիրման կարևորությունը
Մարիամ Վարդանյանի խոսքով՝ հայկական ծիսական առարկաներն ընդհանրապես շատ քիչ են ուսումնասիրված, իսկ մենք հսկայական ժառանգություն ունենք ամբողջ աշխարհում։
«Այժմ այս տապանակը պահվում է Ռումինիայի հայոց թեմի Դուդյան թանգարանում՝ Բուխարեստում: Այն տոն օրերին դրվում է Սուրբ սեղանի վրա, որը համարվում է տաճարի ամենասուրբ տարածքը»,- նշեց նա։
Հետազոտողը լիահույս է, որ ապագայում հնարավոր կլինի կատարել ռենտգենյան ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչ է թաքնված այս դարավոր սրբատուփի ներսում։ Նրա խոսքով՝ հատկապես բյուզանդական մշակույթում նմանատիպ տուփերը հայտնի են եղել որպես հաղորդության տուփեր։ Սակայն ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության առարկան չունի բացվող դռնակ, որը հնարավորություն կտար օգտագործելու կամ հասանելի դարձնելու դրա ներքին հատվածը, ուստի այն չի կարող դիտարկվել որպես հաղորդության տուփ։ Բացի դրանից՝ մասունքների պահարաններում այն հատվածը, որտեղ պահվում է մասունքը, սովորաբար պատրաստված է բյուրեղապակուց, մինչդեռ արծաթե տապանակի դեպքում նման հատված նույնպես չկա։ Տապանակի գործառույթի և ներքին կառուցվածքի վերջնական պարզաբանումը դեռևս մնում է հետագա ուսումնասիրությունների խնդիրը։