ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի առաջին կուրսի ուսանողները ճանաչողական այց են կատարել ԵՊՀ պատմության թանգարան:
Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել համալսարանի հարուստ պատմությանը, ձևավորված ավանդույթներին և գիտակրթական ժառանգությանը:
Շրջայցի ընթացքում թանգարանի աշխատակիցներն ուսանողներին ծանոթացրել են Երևանի պետական համալսարանի ստեղծման պատմությանը, հիմնադիր-դասախոսների և ականավոր գիտնականների գործունեությանը, ինչպես նաև ցուցադրված թանգարանային ֆոնդի բացառիկ նմուշներին, արխիվային լուսանկարներին և փաստաթղթերին:
Առանձնակի ուշադրության են արժանացել Արևելագիտության ֆակուլտետի և իրանագիտական դպրոցի ձևավորմանն ու զարգացմանը վերաբերող պատմական դրվագները:
Նմանատիպ այցելությունները կարևոր դեր ունեն ուսանողների՝ համալսարանական միջավայրին ինտեգրվելու և պատմական հարուստ արժեքներին հաղորդակից լինելու գործում:


