November 09, 2026 | 15:42
Կրթություն
̸իջոցառումներ
Երազանքի կարիերան ավիացիայում. ԵՊՀ-ում անցկացվեց հանդիպում «Wizz Air»-ի ներկայացուցչի հետ
«ԲանՈՒԳործ» էքսպոյի ընթացքում ձևավորված կապերը շարունակվում են գործնական քայլերով։ Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ճանաչողական և աշխատանքային հանդիպում «Wizz Air» ավիաընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ։
Հանդիպման նպատակն էր «Սերվիս» կրթական ծրագրի ուսանողներին ներկայացնել ավիաընկերության աշխատանքային պայմաններն ու աշխատանքի ընդունման պահանջները։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵՊՀ պրակտիկայի բաժնի ներկայացուցիչները՝ քննարկելու ֆակուլտետի և ավիաընկերության հետագա համագործակցության հնարավորությունները։
«ԲանՈՒԳործ»-ից մինչև գործնական քայլեր
Հանդիպումը կազմակերպելու գաղափարը ձևավորվել էր ԵՊՀ «ԲանՈՒԳործ» էքսպոյի ընթացքում՝ «Wizz Air»-ի ներկայացուցիչ Բարնաբաս Ռաչի և Սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանի քննարկման արդյունքում։
Հանդիպման սկզբում Գոռ Ալեքսանյանն ընդգծեց, որ սա ուսանողների համար միջազգային ավիաընկերության պահանջներին անմիջականորեն ծանոթանալու հնարավորություն է։ Նրա խոսքով՝ օտար լեզվի իմացությունից բացի՝ կարևոր են նաև հաղորդակցման հմտություններն ու ծառայությունների մատուցման մշակույթը։
«Որպես ապագա մասնագետներ՝ կարևոր է ցուցաբերել պատրաստակամություն և ակտիվություն»,- ուսանողներին հորդորեց Գոռ Ալեքսանյանը։
Աշխատանքի հնարավորություններն ու պայմանները «Wizz Air»-ում
«Շատ ուրախ եմ կրկին Երևանի պետական համալսարանում լինելու համար։ Մի քանի ամիս առաջ այստեղ մասնակցում էի «ԲանՈՒԳործ» էքսպոյին։ Հենց այդ հանդիպումից հետո էլ որոշեցինք նորից այցելել համալսարան՝ ծանոթանալու ուսանողների հետ և նրանց շրջանում մեր ընկերության ապագա աշխատակիցներին գտնելու համար»,- ասաց Նինո Գիկոշվիլին։
Բանախոսն ուսանողներին ներկայացրեց ընկերության պատմությունն ու զարգացման ծրագրերը։ Նրա խոսքով՝ «Wizz Air»-ը նախատեսում է մինչև 2030 թվականն ինքնաթիռների պարկը հասցնել 500-ի։ Անդրադառնալով Հայաստանում ընկերության գործունեությանը՝ նա նշեց, որ 2025 թվականի հոկտեմբերին բացված երևանյան բազան դեկտեմբերին նախատեսվում է համալրել չորրորդ ինքնաթիռով։ Նրա գնահատմամբ՝ բազայի ընդլայնումը վկայում է հայաստանյան շուկայի զարգացման ներուժի մասին։
Թբիլիսիում և Կահիրեում կրթություն ստացած Նինո Գիկոշվիլին ներկայացրեց նաև ավիացիայի ոլորտում իր աշխատանքային փորձն ու «Wizz Air»-ում աշխատանքի առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ ընկերության թռիչքների կազմակերպման մոդելը հնարավորություն է տալիս թռիչքային անձնակազմի անդամներին աշխատանքային օրվա ավարտին վերադառնալու իրենց բազա՝ առանց այլ երկրում գիշերելու անհրաժեշտության։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան աշխատանքի ընդունման փուլերին և մասնակցեցին ավիացիայի վերաբերյալ հարցախաղերի՝ փորձարկելով իրենց գիտելիքները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։ Նինո Գիկոշվիլին պատասխանեց դրանց՝ ներկայացնելով օրինակներ սեփական փորձից և տալով մասնագիտական խորհուրդներ։
Հանդիպման ավարտին ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ բանախոսի հետ անմիջական շփման շնորհիվ ծանոթացան ավիացիայի ոլորտում աշխատանքի՝ իրենց համար մինչ այդ անհայտ կողմերին։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը շարունակում է ընդլայնել գործընկերային կապերը՝ ուսանողներին ծանոթացնելով աշխատաշուկայի պահանջներին և մասնագիտական զարգացման հնարավորություններին։


