Երևանի պետական համալսարանի մասնակցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) կայացել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Ուսուցիչների կրթության վերափոխումը՝ հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) եռամյա ծրագրի ամփոփիչ համաժողովը։
ՀՊՄՀ համակարգմամբ իրականացվող ծրագիրը միավորում է Հայաստանից, Մոլդովայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Իսպանիայից 13 գործընկեր կազմակերպությունների։ Ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել ուսուցիչների կրթությունը՝ արձագանքելով կրթական ոլորտի փոփոխվող պահանջներին, խթանել «կանաչ» և թվային անցումը, ինչպես նաև զարգացնել դասավանդման և ուսումնառության նորարարական մոտեցումները։ Ծրագրի շրջանակում եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանի և Մոլդովայի հինգ համալսարաններ վերանայել և փորձարկել են ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրերը։
Համաժողովը հնարավորություն է ընձեռել ներկայացնելու ծրագրի հիմնական ձեռքբերումները և քննարկելու դրանց նշանակությունը կրթական ծրագրերի զարգացման, դասախոսական կազմի կարողությունների հզորացման և երկու երկրների ուսուցիչների կրթության ազգային քաղաքականության կատարելագործման տեսանկյունից։
Ողջույնի խոսքում ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ծրագրի հիմնական առաջնահերթությունները՝ մասնավորապես ընդգծելով Հայաստանում և Մոլդովայում 2027-2035 թվականների ուսուցիչների կրթության ազգային հայեցակարգերի նախագծերի մշակումը, ինչպես նաև բակալավրի, մագիստրոսի և կրեդիտային կարճաժամկետ կրթական ծրագրերի վերանայումն ու փորձարկումը։ Նա կարևորել է ապագա ուսուցիչների պատրաստման գործընթացում կայուն զարգացման սկզբունքների, թվային տեխնոլոգիաների և ներառական կրթության մոտեցումների ներդրումը։
Բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամար Սարգսյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիաննա Սարգսյանը։
Ծրագրի համակարգող Ռաիսա Ավետյանը ներկայացրել է կատարված աշխատանքների և հիմնական արդյունքների ամփոփ պատկերը՝ անդրադառնալով ուսուցիչների կրթության գործող համակարգի և կարիքների ուսումնասիրությունից մինչև կրթական ծրագրերի վերանայում ու փորձարկում իրականացված գործընթացին։ Աշխատանքներում ներգրավված են եղել համալսարանների դասախոսներ, ուսանողներ և եվրոպացի փորձագետներ։
Համաժողովի առանցքային թեմաներից էր Հայաստանում և Մոլդովայում 2027-2035 թվականների ուսուցիչների կրթության ազգային հայեցակարգերի նախագծերի քննարկումը։ Երկու երկրների կրթության ոլորտի պետական կառույցների ներկայացուցիչները անդրադարձել են հայեցակարգերի մշակման ընթացքին, մանկավարժական համայնքի մասնակցությամբ անցկացված հանրային քննարկումների արդյունքներին, նախագծերի ներկա փուլին և դրանց իրագործման ճանապարհային քարտեզներին։
Ծրագրին մասնակցող հինգ համալսարանների ներկայացուցիչները ներկայացրել են վերանայված և փորձարկված կրթական ծրագրերը, ծրագրի աշխատանքային փաթեթներում իրենց ներդրումն ու իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը։ Ներկայացումները ցույց են տվել գործընկերների համատեղ ջանքերը՝ ուսուցիչների կրթության համակարգում «կանաչ», թվային և ներառական մոտեցումները ներդնելու ուղղությամբ։
Երևանի պետական համալսարանը, լինելով ծրագրի հայաստանյան գործընկերներից մեկը, եռամյա աշխատանքների ընթացքում ներգրավված է եղել ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրերի արդիականացման, դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացման և եվրոպական կրթական փորձի տեղայնացման գործընթացներում։
Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում վերանայվել են առարկայական ծրագրերը՝ ներառելով թվային տեխնոլոգիաների կիրառման, միջառարկայական ուսումնառության և կայուն զարգացման բաղադրիչներ։ Ներդրվել են նաև դասավանդման ինտերակտիվ և նախագծային մեթոդներ։
Վերանայված կրթական բովանդակության փորձարկումն իրականացվել է նաև ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի՝ մանկավարժի հավաստագրման 30-կրեդիտանոց դասընթացի շրջանակում։ Վերապատրաստված դասախոսները գործնականում կիրառել են եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման արդյունքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև «Երեք տարի անց․ ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում «կանաչ» և թվային կրթությունը» խորագրով քննարկումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության ազդեցությանը կրթության այս ուղղությունների զարգացման վրա։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև կրթական միջավայրի արդիականացման գործնական արդյունքներին։ ՀՊՄՀ-ում բացվել է նոր տեխնոլոգիաներով հագեցած լսարան, որը T4GREEN ծրագրի աջակցությամբ համալսարանում ստեղծված երրորդ նմանատիպ լսարանն է։ Այն նպատակ ունի զարգացնելու տեխնոլոգիաների կիրառմամբ դասավանդումը և բարելավելու թվային ուսումնառության միջավայրը։
Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև «T4GREEN պատկերասրահին», որտեղ ներկայացված էին ծրագրի շրջանակում վերանայված կրթական ծրագրերի փորձարկման ընթացքում ՀՊՄՀ ուսանողների մշակած աշխատանքները։ Դրանց թվում էին թղթի օգտագործման նվազեցնելուն ուղղված լսարանային նախագծեր և թվային ուսումնական նյութեր, որոնք ներկայացնում էին կայուն զարգացման և թվային մոտեցումների կիրառման գործնական օրինակներ։
T4GREEN ծրագրի ամփոփիչ համաժողովը մեկ հարթակում միավորել է ծրագրի քաղաքականության մշակման, կրթական ծրագրերի արդիականացման և ուսումնական միջավայրի զարգացման ուղղություններով արձանագրված արդյունքները։ Այն նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու ձեռքբերումների շարունակական կիրառման հեռանկարներն ու Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության հետագա զարգացման ուղիները։