COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Փակ ցիկլ՝ հանուն բնության․ շրջանաձև տնտեսություն և կենսաբազմազանություն» խորագրով պանելային քննարկումը՝ նվիրված շրջանաձև տնտեսության և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործման հնարավորություններին և կանաչ անցման սոցիալ-տնտեսական ազդեցություններին։
Քննարկման մոդերատորը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Նոննա Խաչատրյանն էր։ Բանախոսներն էին ֆակուլտետի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Վարդուշ Գյոզալյանը, տնտեսագիտության թեկնածու Սարգիս Գևորգյանը և տնտեսագիտության թեկնածու Դավիթ Մարկոսյանը։
Բանախոսները անդրադարձ կատարեցին շրջանաձև տնտեսության զարգացմանն ու կենսաբազմազանության պահպանությանը վերաբերող հարցերին: Քննարկվեցին արտադրության, սպառման և ռեսուրսների կառավարման այլընտրանքային մոտեցումները, որոնց միջոցով հնարավոր է նվազեցնել տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա՝ միաժամանակ չխոչընդոտելով տնտեսական զարգացումը, նպաստելով սոցիալական բարեկեցության բարձրացմանը և պարենային անվտանգության աճին։
Առանձին ուշադրություն դարձվեց սննդային կորուստների և թափոնների ազդեցությանը կենսաբազմազանության վրա։ Քննարկվեց, թե ինչու է դրանց կրճատումը կարևոր ոչ միայն թափոնների կառավարման, այլև բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և էկոհամակարգերի պահպանության տեսանկյունից։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում սննդային և կոշտ թափոնների կառավարման համակարգային խոչընդոտներին և շրջանաձև տնտեսության մոտեցումների կիրառման հնարավորություններին։
Քննարկման կարևոր ուղղություններից էին «կանաչ» անցման սոցիալական ազդեցությունները։ Բանախոսները անդրադարձան շրջանաձև տնտեսության զարգացման հնարավորություններին՝ բնակչության բարեկեցության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և սոցիալական անհավասարությունների նվազեցման տեսանկյունից։ Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ինչպես կարելի է համադրել պարենային անվտանգության ապահովման, գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման և կենսաբազմազանության պահպանության նպատակները։
Բանախոսները կարևորեցին նաև բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և դրանցից ստացվող օգուտների արդար բաշխման խնդիրները՝ կարևորելով բնապահպանական լուծումների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի և համայնքների համար։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանում կայուն բիզնես մոդելների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ թափոնների կրճատման, նյութերի վերաօգտագործման և ռեսուրսների խնայողաբար օգտագործման ուղղությամբ, որոնք կարող են ստեղծել տնտեսական արժեք և, միաժամանակ, նպաստել կենսաբազմազանության պահպանությանը։ Այս համատեքստում կարևորվեց գիտության և բիզնեսի համագործակցությունը, ինչպես նաև համալսարանների ու գիտահետազոտական հաստատությունների դերը գիտահենք և կիրառական լուծումների մշակման գործում։
Կարևորվեց նաև կրթության և «կանաչ» կարողունակությունների զարգացման խնդիրը։ Քննարկվեցին նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման հարցերը, հատկապես՝ երիտասարդների, խոցելի խմբերի և մարզային համայնքների համար։
Բանախոսների դիտարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ շրջանաձև տնտեսությունը չի սահմանափակվում թափոնների կրճատմամբ և վերամշակմամբ։ Այն պահանջում է տնտեսական գործունեության և ռեսուրսների կառավարման համակարգային մոտեցում՝ համադրելով բնապահպանական նպատակները, սոցիալական արդարությունը, կայուն բիզնեսի զարգացումը և կրթությունը։