Բացահայտի՛ր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ծանոթացի՛ր համալսարանական միջավայրին և կատարի՛ր գիտակցված մասնագիտական ընտրություն։
2024–2026 թվականների ընթացքում «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» ծրագրին մասնակցել է ավելի քան 1200 աշակերտ Երևանի և ՀՀ մարզերի տարբեր ավագ դպրոցներից ու քոլեջներից։
Գրանցում
̸իացի՛ր ԵՊՀ տնտեսագիտական դպրոցին։
Ի՞նչ է ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը
ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը յուրօրինակ կամուրջ է ապագա դիմորդի և համալսարանի միջև։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթանում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ տնտեսագիտության, կառավարման և ֆինանսների ուղղություններին, ինչպես նաև մասնագիտական զարգացման և միջազգային շարժունության հնարավորություններին։
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում են մասնակցության հավաստագրեր, խաղարկվում է նաև «Ակտիվ մասնակից» մրցանակը։
Մասնագիտական ընտրությունը պետք է հիմնված լինի գիտելիքի, փորձառության և սեփական հետաքրքրությունների բացահայտման վրա
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի նախաձեռնությամբ մեկնարկած «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» ծրագրով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը արձագանքում է ժամանակի կարևորագույն մարտահրավերներից մեկին՝ մասնագիտական կողմնորոշման որակին։ Տարիներ շարունակ բուհ և մասնագիտություն ընտրելու գործընթացը հաճախ պայմանավորված է եղել մակերեսային պատկերացումներով կամ սոցիալական միտումներով։
Մասնագիտության ընտրությունը երիտասարդի կրթական և մասնագիտական ճանապարհի կարևորագույն որոշումներից է։ Այդ փուլում տեղեկատվության պակասը կամ մասնագիտության վերաբերյալ մակերեսային պատկերացումը կարող են հանգեցնել ոչ լիարժեք կամ չհիմնավորված ընտրության։ ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը միտված է լրացնելու այդ բացը: Ծրագրի կարևորագույն արդյունքը ոչ միայն նոր գիտելիքն է, այլև մասնագիտության գիտակցված ընտրության մշակույթի ձևավորումը։
Ծրագիրը, կրթական նախաձեռնություն լինելուց բացի, երկարաժամկետ մարդկային կապիտալի ձևավորման կարևոր ներդրում է, որը հնարավորություն է ընձեռում ապագա դիմորդներին ծանոթանալու մասնագիտության բովանդակությանը, կիրառական նշանակությանը և մասնագիտական աճի հեռանկարներին։ Այն ոչ միայն մասնագիտական կողմնորոշման և գիտելիք փոխանցելու հարթակ է, այլև մտածողություն ձևավորող և համալսարանը դպրոցականներին հասանելի, ճանաչելի դարձնող միջավայր։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, շարունակելով բարձր որակավորում ունեցող տնտեսագետներ, կառավարման և ֆինանսների ոլորտի մասնագետներ պատրաստելու իր պատասխանատու առաքելությունը, ծրագրի միջոցով հաստատում է իր ակտիվ դերակատարումը նաև նախաբուհական կրթական միջավայրում։ Թեև ծրագիրը ժամանակային առումով կարճաժամկետ է, սակայն դրա ազդեցությունը համակարգային և երկարաժամկետ բնույթ ունի. այն նպաստում է մասնագիտության գիտակցված ընտրության մշակույթի ձևավորմանը և «բուհ–դպֶոց» ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը։
Ոչ միայն մասնագիտություն, այլև համալսարանական միջավայր
ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը հնարավորություն է տալիս ապագա դիմորդներին ծանոթանալու նաև համալսարանական կյանքին, համալսարանի պատմությանը, ակադեմիական ավանդույթներին և ձևավորված համալսարանական արժեքներին՝ ամբողջական պատկերացում կազմելով ոչ միայն մասնագիտական, այլև ինստիտուցիոնալ միջավայրի մասին։ Սա կարևոր նախապայման է մասնագիտություն ընտրելիս, քանի որ բուհի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն կրթական ծրագրերի բովանդակությամբ, այլև արժեքային և մշակութային համապատասխանությամբ։
Այսպիսով, աշակերտը հնարավորություն է ստանում ոչ միայն պատկերացնելու՝ ինչ է սովորելու, այլև հասկանալու՝ որտեղ է սովորելու, ում հետ է սովորելու և ինչ հնարավորություններ կարող է ունենալ համալսարանն ավարտելուց հետո։


















