ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Գույյան քաղաքում կազմակերպված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գործընկեր երկրների շրջակա միջավայրի պահպանման և կենսաբանական ռեսուրսների օգտագործման քաղաքականության և չինական փորձի ուսումնասիրության գիտագործնական սեմինարին:
Միջոցառման շրջանակում մասնակիցներն ունկնդրեցին կենսաբազմազանության և էկոլոգիական հրատապ մարտահրավերների ոլորտում չինացի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Քննարկումների առանցքում էին «Էկոլոգիական քաղաքակրթություն» հայեցակարգը և ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովներում («COP15» և «COP16») ընդունված պատմական փաստաթղթերը։ Տեսական դասախոսություններից հետո մասնակիցները ճանաչողական այց կատարեցին Կունմին քաղաք, որը պաշտոնապես հյուրընկալել և նախագահել է Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովը՝ «COP15»-ը:
Սեմինարից ստացված գիտելիքներն ու փորձն առաջնային նշանակություն կունենան ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի միջգիտակարգային հետազոտությունների համար՝ հիմք դառնալով նախորդ տարի մեկնարկած կլիմայական անվտանգության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների ընդլայնմանը։
Այցի շրջանակում զեկուցմամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը կենսաբազմազանության գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործընթացում։ Նա հատուկ անդրադարձ կատարեց 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք «COP17» համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային առաջնահերթություններին ու ռազմավարությանը։
Համաժողովի փակման պաշտոնական արարողությանը ելույթ ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը՝ ընդգծելով սեմինարի գործնական, կիրառական մեծ նշանակությունը։ Երախտագիտություն հայտնելով չինացի գործընկերներին փորձի փոխանակման համար՝ նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պատկերացումները կվերածվեն ազդեցիկ նախաձեռնությունների՝ էլ ավելի ամրապնդելով միջազգային ակադեմիական գործընկերությունը։
Դեկան Տ. Եփրեմյանը և ամբիոնի վարիչ Ժ. Մանուկյանն աշխատանքային կարևոր հանդիպում ունեցան Գույժոու նահանգի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի և միջազգային կապերի տնօրենի հետ։ Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների հեռանկարները՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց սույն թվականի օգոստոսի վերջին կազմակերպելու չինական կողմի այցը Երևանի պետական համալսարան՝ համագործակցության հուշագիր ստորագրելու համար։


