ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 10-ին «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ 3-րդ կուրսերի ուսանողների համար «Ներքին աուդիտի հիմնախնդիրները» թեմայով դասախոսություն կարդացին հրավիրյալ բանախոս, Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և նույն ինստիտուտի փոխնախագահ, «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավար Անգելինա Մնացականյանը:
Բանախոսները ներկայացրին ներքին աուդիտի սկզբունքները, գործառույթները, արտաքին և ներքին աուդիտի տարբերությունները, դրանց դերը կորպորատիվ կառավարման համատեքստում, ինչպես նաև ներքին աուդիտի լիարժեք կայացման համար արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, որի ժամանակ&Բ;բազմաթիվ հարցեր հնչեցրին թե՛ ուսանողները, թե՛&Բ;հանդիպման մասնակից դասախոսները:
Նշենք, որ Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012 թվականին որպես հասարակական կազմակերպություն՝ ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում:
Հիմնադրման օրվանից ինստիտուտը միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին աուդիտորների ինստիտուտ-գլոբալի ներկայացուցիչն է Հայաստանում: 2015 թվականի սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ է: