- Գլխավոր
- Նորություններ
- «Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան
Հունիս 17, 2025 | 12:30
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
̸շակույթ
«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված` հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում». Արմինե Գաբրիելյան
Կարասային թաղումները մեծ տարածում են ունեցել անտիկ ժամանակաշրջանում: Դրանք առավելապես շատ են հայտնաբերվել ՀՀ Արարատի, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Սակայն թաղման այս ձևը հատկապես բնորոշ է պատմական Արցախ-Ուտիքին: Այս մասին փաստում է ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը:
ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի Արմավիր մայրաքաղաքի արշավախմբի ղեկավար Ինեսա Կարապետյանն ու ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանը համատեղ հրատարակել են գիտական հոդված՝ Արմավիր մայրաքաղաքի դամբարանադաշտի կարասային թաղումների տեղադրության և ժամանակագրության սահմանների վերաբերյալ: Հոդվածը հրատարակվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսում:
ԵՊՀ դասախոս Արմինե Գաբրիելյանն ընդգծում է, որ Արմավիրի կարասային թաղումները հիմնականում պեղվել են 1970-90-ական թվականներին հայկական արշավախմբի կողմից՝ Ինեսա Կարապետյանի ղեկավարությամբ: Հայտնաբերված նյութերով և համաժամանակյա հուշարձանների հետ աղերսներով տվյալ կարասային թաղումները թվագրվում են մ.թ.ա. 6-րդ – մ.թ. 3-րդ դարերով:
«Կարասներում, որպես կանոն, բացի կմախքից, հայտնաբերվում են նաև անհատի անձնական իրեր, զարդեր, փոքր անոթներ, որոնցում, ամենայն հավանականությամբ, դրվել է սնունդ նրանց համար: 2022 թվականին Գառնիում իմ ղեկավարած փրկարարական պեղումների ժամանակ էլ կարասի մեջ մոր և մանկան հետ կովի և նրա հորթուկի գլխի թաղում է հայտնաբերվել»,- ասում է Արմինե Գաբրիելյանն ու հավելում, որ մեկ կարասի մեջ մի քանի հոգու մարմնի և կենդանիների առկայությամբ թաղումները հազվադեպ են պատահում մեզ մոտ:
Նա նշում է, որ կարասային թաղումների, ինչպես նաև թաղման այլ ձևերի դեպքում (հիմնահողային, քարարկղային, սալարկղային և այլն) ծեսը նույնն է եղել, այսինքն՝ անհատի հետ են դրվել նրա անձնական իրերը, ինչպես նաև սնունդ՝ հավատալով, որ գոյություն ունի կյանք մահվանից հետո, և որ մահացածը, հանդերձյալ կյանքում վերածնվելով, զգալու է այդ իրերի և սննդի կարիքը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հնարքներով են մարդկանց մարմինները տեղավորել կարասներում, ԵՊՀ դասախոսը փաստեց.&Բ;«Կարասի մեջ մարդկանց հուղարկավորել են կծկված դիրքով, այնպես, ինչպես սաղմնային վիճակում են լինում՝&Բ;հավատալով, որ ինչ դիրքով մարդը լույս աշխարհ է եկել, այնպես էլ պետք է վերածնվի հանդերձյալ աշխարհում: Դրա համար նախ կոտրում էին կարասի վերնամասը, մահացածին տեղավորում կարասի մեջ, հետո կոտրված բեկորները տեղավորում իրենց տեղերում, որից հետո կարասի բերանը փակում էին մեծ քարով կամ այլ անոթի բեկորներով»:
Նշենք, որ գտածոները ցուցադրվում և պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում: Իսկ Գառնիի՝ 2022 թվականի պեղումներով հայտնաբերված նյութերը ցուցադրվել են Հայաստանի պատմության և Հրազդանի երկրագիտական թանգարաններում:
Արմինե Գաբրիելյանն ընդգծեց, որ այս պահին անգլերենով հրատարակության է պատրաստվում Գառնիի 2022 թվականի փրկարարական պեղումների վերաբերյալ ընդարձակ հոդված, որով գիտական շրջանառության մեջ կդրվի անտիկ ժամանակաշրջանի նորահայտ երեք կարասային և մեկ սալարկղային թաղումների վերաբերյալ հետազոտությունը:
