- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտ
Հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտ
Հումանիտար և հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով գիտապրակտիկ տեսանկյունից վեր է հանում, հետազոտում, ուսումնասիրում, վերլուծում և արժևորում կրոնագիտությանը, հնագիտությանը, ազգագրությանը, մարդաբանությանը, բրիտանական գրականությանը և պատմության փիլիսոփայությանն առնչվող հարցեր: Հումանիտար հետազոտությունների ինստիտուտը ստեղծում է միջգիտաճյուղային հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով, նպաստում է միջգիտաճյուղային հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է հումանիտար գիտությունների ոլորտի հետազոտողներին` իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, վեր է հանում նշված ոլորտներում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքներն ու դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները:
Միջմշակութային կրոնագիտական կենտրոն (բացվող)
Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը պարբերական հրատարակությունների ու հոդվածների միջոցով ուսումնասիրում, վերլուծում և արժևորում է կրոնի մարդաբանությանը, կրոնի հոգեբանությանը, կրոնի ֆենոմենոլոգիային, կրոնի սոցիոլոգիային և կրոնների պատմությանն առնչվող հարցեր: Միջմշակութային կրոնագիտական կենտրոնը ստեղծում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների հարթակ՝ տարաբնույթ հետազոտությունների իրականացման նպատակով, նպաստում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների կատարմանն ու արդյունքների հրապարակայնացմանը, աջակցում է ոլորտում առկա հետազոտողներին` իրենց աշխատանքները հրապարակելու ու հանրայնացնելու գործում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում հանրային տարբեր կառույցներին ու ինստիտուտներին՝ կրոնի ոլորտի փորձագիտական գիտելիքների ձեռքբերման ու տարածման համար, կրոնագիտական տեսանկյունից վեր է հանում այս ոլորտում առկա խնդիրները, տեղական ու տարաշրջանային սպառնալիքներն ու դրանց դիմագրավելու գործիքներն ու մեխանիզմները, ձևավորում է միջգիտաճյուղային կրոնագիտական հետազոտությունների ժամանակակից հարթակ:
Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ (բացվող)
Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի աշխատանքները կապված են ՀՀ տարածքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների մշակույթի, մասնավորապես, կրոնադավանաբանական, ծիսական և կրոնական ավանդույթների ուսումնասիրության հետ։ Ուսումնասիրության առարկա են եզդիների, ասորիների, հույների, ռուսների, ուկրաինացիների և բելառուսների, ղազախների, քրդերի, ինչպես նաև հնդիկների և ազգային այլ փոքրամասնությունների մշակութային-կրոնական կյանքի առանձնահատկությունները ժամանակակից Հայաստանում, պատմամշակութային կապերը հայ և այլ ժողովուրդների միջև։
Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա (բացվող)
Վերջին տասնամյակների ընթացքում նորագույն մեթոդների վրա հիմնված հնագիտական հետազոտությունները ՀՀ տարածքում հեղաշրջիչ դեր ունեցան մեր երկրի հնագույն պատմության վերակազմության գործում: Որակապես և քանակապես հարստացած աղբյուրագիտական հենքի շնորհիվ հնարավոր դարձավ նորովի մեկնաբանել հայ ժողովրդի հնագույն պատմության բազմաթիվ հարցեր: Այս համատեքստում լաբորատորիայի շրջանակներում իրականացվում է Հայաստանի հնագիտական հուշարձանների և հնալանդշաֆտի ուսումնասիրություն, որը ներառում է դաշտային աշխատանքները, նյութի լաբորատոր մշակումը, չափագրումը և հրապարակումը: Լաբորատորիայի աշխատանքները ծավալվում են հետևյալ հիմնական ուղղություններով. Հայաստանի տարածքի բնակեցումը և դրա փուլերը, Հայաստանի տարածքում վաղ երկրագործական մշակույթի առաջացումը և տարածումը, Հայաստանի մեգալիթյան և կոթողային հուշարձանների առաջացումը և էվոլյուցիան, Հայաստանում հին և միջնադարյան քաղաքակրթական միավորների առաջացումը և զարգացումը, թանգարանային նյութի մոնիթորինգ և հանրայնացում:
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիա (բացվող)
Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի հիմնական խնդիրը ինչպես ավանդական ազգաբանական, այնպես էլ արդի մարդաբանական տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Մի կողմից, արդիական ու կարևոր են հայոց ավանդական մշակույթի ուսումնասիրությունները նոր մոտեցմամբ, տեսական-մեթոդաբանական վերջին մշակումների կիրառմամբ, մյուս կողմից՝ ավելի կարևոր են դառնում ինքնության, սոցիալ-մշակութային փոխակերպումներով պայմանավորված զարգացումների, պատերազմի և էթնիկ հակամարտությունների մարդաբանական ուսումնասիրության ու բազմաթիվ այլ խնդիրները։ Առանձնացված և այլ խնդիրների մարդաբանական ուսումնասիրությունը կարևոր է հատկապես արդի փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունն ու հայ հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցումներ ու լուծումներ։ Ազգագրական և մարդաբանական խնդիրների այս շրջանակն է առանձնացվում որպես լաբորատորիայի հետազոտական հարցադրումների հիմնական շրջանակ։
Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբ (բացվող)
Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության խումբը հիմնադրվել է 2017 թվականին: Գիտական գործունեությունը խումբը ծավալում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է իրականացնել բրիտանական գրականության և մշակույթի համալիր հետազոտություններ՝ շեշտադրելով բրիտանական ինքնության մեջ արտացոլված ազգային ինքնության հասկացությունը և քննության առարկա դարձնելով ազգային մշակույթով պայմանավորված տարրերը: Լայն իմաստով ծրագրի նպատակն է զարգացնել Մեծ Բրիտանիայի ռեգիոնալ լեզուների ու մշակույթների և բրիտանական գրականության հանդեպ առավել մեծ գիտական հետաքրքրություն և Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի ուսանողներին ծանոթացնել բրիտանական մշակույթին և գրականությանը` միաժամանակ ընդլայնելով ամբիոնի հետազոտական ծրագիրը: Որպես ծրագրի մեկնարկային ուղղություն ընտրված է շոտլանդական մշակույթը՝ որպես եվրոպական մշակույթի ինքնատիպ և դինամիկ զարգացող ոլորտ: Կատարված հետազոտությունների արդյունքներն ամփոփվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պարբերականներում հրատարակվող գիտական հոդվածներում:
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիա (բացվող)
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիան հետազոտական կենտրոն է, որի ուշադրության առանցքը պատմության գաղափարն է, պատմության վերամտածման ու վերաշարադրման հնարավորությունը, պատմական մեթոդների կիրառման հորիզոնները։ Լաբորատորիան առաջիկա տարիներին հետազոտելու է արդիականացման հայկական հարացույցերը՝ խնդիր դնելով նոր շերտեր բացահայտել 19-20-րդ դարերի պատմության, մասնավորապես՝ հայոց պատմության մեջ։ Լաբորատորիան ղեկավարում է Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Կալլե Փիհլայնենը, համաղեկավարը ԵՊՀ դոցենտ Դավիթ Մոսինյանն է։ Լաբորատորիան ձգտում է նպաստել ժամանակակից գիտական դիսկուրսի զարգացմանը՝ հարթակ առաջարկելով նորարարական մտածողության և պատմական նոր մեթոդաբանությունների հետազոտման համար:
Վրացագիտության կենտրոն (բացվող)
Հայագիտության՝ որպես գերակա ուղղության համակողմանի զարգացումն ու ինտեգրումը միջազգային գիտական միջավայր, հնարավոր չէ առանց տարածաշրջանային, այդ թվում՝ վրացագիտության համալիր հետազոտությունների։ Այդ առումով ԵՊՀ վրացագիտության կենտրոնը ունի նշանակալի և ինքնատիպ առաքելություն։ Կենտրոնի կրթագիտական և հետազոտական գործունեության կարևորությունը ու անհրաժեշտությունը պայմանավորված է հայ-վրացական դարավոր պատմամշակութային, էթնոքաղաքական փախառնչությունների ու փոխազդեցությունների հարուստ փորձի գնահատմամբ, այդ ժառանգության վերարժևորմամբ։ Կովկասյան բազմէթնիկ տարածաշրջանի քաղաքակրթական- մշակութային ժառանգության պահպանման խնդիրն ունի արդիական նշանակություն։ Այն պայմանավորված է նաև տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում, անվտանգային հիմնախնդիրների համատեքստում, հիշյալ մշակութային ժառանգության արծարծմամբ այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու նպատակով փոխլրացման հենքին խարսխված հնարավոր սցենարների մշակմամբ։
Հայերենագիտական հետազոտությունների լաբորատորիա (բացվող)
Լաբորատորիայի նպատակը հայերենի բառամթերքի համապարփակ նկարագրությունն է՝ ըստ բառիմաստային խմբերի՝ ֆիզիկական աշխարհ (լանդշաֆտ, կենդանիներ, բույսեր, եղանակ, գույներ և այլն) և մշակույթ (արհեստ, հավատալիքներ և այլն), հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում և հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերում՝ հնդեվրոպական ակունքներից (մ․թ․ա․ շուրջ IV հազարամյակ) մինչև արդի բարբառներ։ Հնդեվրոպական տրոհումից հետո վաղնջահայերենի կրողները տեղի ոչ հնդեվրոպական լեզուներից փոխառել են ենթաշերտային բազմաթիվ բառեր: Այս նախապատմական փուլերին հաջորդել են պատմական հին ու նոր շրջանները, երբ հայերենը լեզվական առնչություններ է ունեցել կովկասյան, անատոլիական, խուռիա-ուրարտական, սեմական, իրանական և այլ լեզուների հետ։ Լաբորատորիան հայերենի բառամթերքը քննելու է բնիկ հայկական և փոխառյալ բառախմբերի բազմաշերտ փոխհարաբերությունների համատեքստում։ Իմաստախմբերի քննություններն ամփոփվելու են տեղեկատվական մեծ ընդգրկման և գունային տարբերակման աղյուսակներով ու այլ պատկերներով։ Հետազոտությունների արդյունքները հրատարակվելու են գիտական հոդվածների և մենագրությունների տեսքով:
Մարդ-համակարգիչ փոխազդեցության և ուսումնառության կենտրոն (բացվող)
Մարդ-համակարգիչ փոխազդեցության և ուսումնառության կենտրոնի գործունեությունն ուղղված է թվային տեխնոլոգիաների հետ մարդկանց փոխազդեցության համակողմանի ուսումնասիրմանը՝ մարդ–համակարգիչ փոխազդեցության, վարքագծային տնտեսագիտության և տվյալագիտության միջառարկայական մոտեցումների շրջանակում։ Կենտրոնը, հագեցած լինելով ժամանակակից փորձարարական և վերլուծական տեխնոլոգիաներով, իրականացնում է էմպիրիկ հետազոտություններ օգտատերերի վարքագծի, ուշադրության, ճանաչողական գործընթացների և որոշումների կայացման վերաբերյալ թվային միջավայրերում։ Միջազգային համագործակցությունների միջոցով լաբորատորիան իրականացնում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտահետազոտական ծրագրեր՝ վարքագծային տնտեսագիտության, կիրառելիության (usability) գնահատման և նեյրոմարքեթինգի ոլորտներում՝ նպաստելով մարդակենտրոն տեխնոլոգիաների զարգացմանը և Հայաստանի դիրքավորմանը որպես ժամանակակից գիտահետազոտական կենտրոն։
Տնտեսական քաղաքականության և կառավարման գիտահետազոտական կենտրոն (բացվող)
Տնտեսական քաղաքականության և կառավարման հետազոտական կենտրոնում իրականացվում են տեսական, կիրառական հետազոտություններ՝ տնտեսական քաղաքականության և մարդկային կապիտալի կառավարման ոլորտներում: Կենտրոնում իրականացվում են վերլուծական գնահատումներ, մշակվում են ռազմավարական առաջարկություններ և առաջարկվում կիրառական լուծումներ, որոնք նպաստում են ինչպես ակադեմիական գիտությանը, այնպես էլ պետական քաղաքականության ուղղությունների նախանշմանն ու տնտեսական զարգացման գործընթացներին: Կենտրոնում իրականացվում են մարդկային կապիտալի զարգացման, մարդկային կապիտալի և աշխատաշուկայի պահանջների համադրության, աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրների, զբաղվածության քաղաքականությունների արդյունավետության և դրանք կառավարող գործոնների ուղղությամբ լայնածավալ հետազոտություններ, ինչպես նաև մարդկային կապիտալի կառավարման համակարգերի արդյունավետության գնահատում՝ համադրելով համաշխարհային փորձը, ռազմավարական մոտեցումները: