ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել Սենթ Էնդրյուսի համալսարանի (University of St Andrews) պարսկերենի և պարսկական ուսումնասիրությունների ավագ դասախոս, դոկտոր Սայիդ Թալաջուի բաց դասախոսությունը:
Բանախոսը հանդես է եկել «Ջավանմարդիի գաղափարախոսությունը ժամանակակից Իրանում. ակունքները, ձևերը և գործառույթները» («The Ideals of Javānmardi in Modern Iran: Origins, Forms and Functions») խորագրով զեկուցումով:
Դասախոսության ընթացքում դոկտոր Թալաջուն մանրամասն անդրադարձել է իրանական մշակութային-սոցիալական համատեքստում «ջավանմարդի» (ասպետականություն, արժանապատվություն և ժողովրդական ազնվականություն) ավանդական հայեցակարգի ձևավորմանն ու դրա պատմական դրսևորումներին: Հատուկ ուշադրության են արժանացել ժամանակակից Իրանի հասարակական-մշակութային կյանքում այս գաղափարախոսության ստանձնած դերը, ազդեցությունն ու հիմնական գործառույթները: