- Գլխավոր
- Նորություններ
- Գիտությունից դեպի տեխնոլոգիական լուծումներ. ԵՊՀ-ն ներկայացրել է իր նորարարական մշակումները «Silicon Mountains Expo 2026»-ում
Նոյեմբեր 04, 2026 | 18:30
Գիտություն
Հասարակություն
Գիտությունից դեպի տեխնոլոգիական լուծումներ. ԵՊՀ-ն ներկայացրել է իր նորարարական մշակումները «Silicon Mountains Expo 2026»-ում
Երևանի պետական համալսարանը «Silicon Mountains Expo 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել է նյութագիտության, նանոտեխնոլոգիաների, ֆոտոնիկայի և արհեստական բանականության ոլորտների իր հետազոտություններն ու նորարարական մշակումները։
Նոյեմբերի 3-4-ը «Դվին» մյուզիք-հոլում անցկացված ցուցահանդեսում ԵՊՀ-ն ներկայացել է երկու գիտական կենտրոնների մշակումներով՝ ցուցադրելով համալսարանում կատարվող հետազոտությունների կիրառական ներուժը։
Ցուցահանդեսի առաջին օրը ԵՊՀ նյութագիտության և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնը ներկայացրել է կիսահաղորդչային գազային և լարվածության սենսորներ, ինչպես նաև հեղուկ-բյուրեղային օպտիկական տարրեր։
Այս մշակումները կիրառության հեռանկարներ ունեն արդյունաբերական և բնապահպանական անվտանգության, ինժեներական ճշգրիտ չափումների, լույսի և օպտիկական ազդանշանների կառավարման ոլորտներում։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես կարող են հիմնարար գիտական հետազոտությունները հիմք դառնալ իրական խնդիրների լուծմանն ուղղված տեխնոլոգիաների մշակման համար։
Երկրորդ օրը ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան ներկայացրել է իր հետազոտական ուղղությունները՝ առանձնացնելով ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) հնարավորությունները։
Լաբորատորիայում մշակված փորձարարական համակարգի միջոցով ցուցադրվել է, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը դուրս գալ թվային միջավայրի սահմաններից, ինքնուրույն կառավարել ֆիզիկական սարքավորումները և կատարել գիտական փորձեր։
Այս ուղղության զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում հետազոտական գործընթացների ավտոմատացման, փորձարարական աշխատանքի արդյունավետության բարձրացման և արհեստական բանականության կիրառման շրջանակի ընդլայնման համար։
ԵՊՀ մասնակցությունը տեխնոլոգիական ցուցահանդեսին կարևոր է նաև համալսարանի գիտական ներուժի ճանաչելիության բարձրացման և նոր համագործակցությունների ձևավորման տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս գիտական մշակումները ներկայացնելու ոչ միայն ակադեմիական միջավայրում, այլև տեխնոլոգիական ընկերություններին, ներդրողներին և հնարավոր գործընկերներին։
«Ներդրումներ նորարարության մեջ» («Invest in Innovation») խորագրով «Silicon Mountains 2026» միջազգային գագաթնաժողովն այս տարի առաջին անգամ ուղեկցվել է տեխնոլոգիական ցուցահանդեսով՝ միավորելով գիտության, տեխնոլոգիական արդյունաբերության և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներին։
ԵՊՀ-ն հետևողականորեն զարգացնում է այնպիսի գիտահետազոտական միջավայր, որտեղ նոր գիտելիքի ստեղծումը զուգակցվում է կիրառական տեխնոլոգիաների մշակմամբ։ Այս մոտեցմամբ համալսարանը ձգտում է ընդլայնելու գիտություն-բիզնես համագործակցությունը, խթանելու գիտական արդյունքների գործնական կիրառումը և իր գիտական ներուժով նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը։














