- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվեցին «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի աշխատանքները․ կամավորները ստացան հավաստագրեր
Նոյեմբեր 10, 2026 | 13:30
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Ամփոփվեցին «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի աշխատանքները․ կամավորները ստացան հավաստագրեր
Մեծ միջոցառումների հաջողության հետևում հաճախ կանգնած են մարդիկ, որոնց աշխատանքը մնում է կադրից դուրս։ Նրանք են, որ գաղափարները վերածում են իրականության, ապահովում միջոցառման բնականոն ընթացքն ու աննկատ լուծում կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ։ Երևանի պետական համալսարանում ուշադրության կենտրոնում հենց այդ մարդիկ էին՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կազմակերպիչների թիմն ու կամավորները։
ԵՊՀ-ում տեղի ունեցավ էքսպոյի կազմակերպմանն ու անցկացմանը մասնակցած կամավորներին հավաստագրերի հանձնման արարողությունը։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, գնահատվեց կամավորների ներդրումն ու ընդգծվեց թիմային աշխատանքի նշանակությունը:
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց համալսարանական թիմին և կամավորներին՝ էքսպոյի կազմակերպմանն ակտիվ մասնակցելու և աշխատանքը պատասխանատվությամբ կատարելու համար։
Պրոռեկտորը կարևորեց նաև ձեռք բերած փորձի վերլուծությունն ու կամավորների առաջարկները՝ հաջորդ միջոցառումներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
««ԲանՈՒԳործ»-ը միայն մեկօրյա միջոցառում չէ․ այն երկարատև աշխատանքի և ընդհանուր նպատակի շուրջ համախմբված թիմի համատեղ ջանքերի արդյունք է: Այդ գործում կարևոր դեր ունեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց ժամանակն ու գիտելիքները ներդնելու ընդհանուր հաջողության համար»,- ընդգծեց Միքայել Հովհաննիսյանը:
Կամավորները մասնակցել են էքսպոյի նախապատրաստմանն ու անցկացմանը։ Նրանց մի մասը ներգրավված էր մեդիաթիմում՝ լուսաբանելով միջոցառումն ու տարածելով դրա մասին տեղեկությունները: Այս աշխատանքը կամավորներին հնարավորություն տվեց ծանոթանալու մեծամասշտաբ միջոցառման կազմակերպման ընթացքին:
Մեդիաթիմում իր աշխատանքի մասին պատմեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Լեյլի Հայրապետյանը:
«Որպես առաջին կուրսի ուսանող՝ մեդիաթիմում կամավոր աշխատելու և մասնագիտական առաջին քայլերս անելու մեծ հնարավորություն ստացա: Բացի գործնական փորձից՝ կարողացա զարգացնել թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններս, ձեռք բերել նոր ծանոթություններ, որոնք, վստահ եմ, կարևոր դեր կունենան իմ հետագա ճանապարհին և կնպաստեն նաև իմ անձնային զարգացմանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին չորրորդ անգամ անցկացված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը համախմբել էր ուսանողների, շրջանավարտների և գործատուների՝ ստեղծելով հանդիպումների, համագործակցության և մասնագիտական նոր հնարավորությունների հարթակ:
Այս տարվա էքսպոյին մասնակցել էր շուրջ 38 գործընկեր կազմակերպություն, որոնք ներկայացրել էին աշխատանքի, պրակտիկայի և կարիերայի զարգացման հնարավորություններ։ Էքսպոյի ընթացքում ուսանողները ներկայացրել էին նաև իրենց մշակած նորարարական նախագծերը՝ հնարավոր գործընկերների և հովանավորների հետ կապեր հաստատելու նպատակով:





