- Գլխավոր
- Նորություններ
- Պիտեր Նայկամպը՝ Հայաստանի հնարավորությունների և ԵՊՀ-ի հետ գիտական համագործակցության մասին
Նոյեմբեր 11, 2026 | 15:40
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Պիտեր Նայկամպը՝ Հայաստանի հնարավորությունների և ԵՊՀ-ի հետ գիտական համագործակցության մասին
«Հայաստանը փոքր երկիր է, բայց կարող է օրինակ ծառայել բազմաթիվ այլ երկրների համար»,- համոզված է տնտեսագետ Պիտեր Նայկամպը։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ համագործակցության, «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի և փոփոխվող աշխարհում Հայաստանի հնարավորությունների մասին խոսելիս նա կարևորում է տարբեր երկրների հետազոտողների համատեղ աշխատանքն ու նոր գաղափարների ձևավորումը։
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (The Regional Science Academy, TRSA) համագործակցությամբ կազմակերպվող «Փոխակերպվող տնտեսություն» ամենամյա միջազգային գիտաժողովն արդեն երեք տարի համախմբում է տարբեր երկրների համալսարանների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների: Քննարկումների առանցքում տնտեսական զարգացումը, նորարարությունը, մարդկային կապիտալը, ինստիտուցիոնալ փոփոխություններն ու կայուն զարգացումն են:
Այս համագործակցության զարգացման գործում կարևոր դեր ունեն TRSA-ի փոխնախագահ Պիտեր Նայկամպը և գործադիր տնօրեն Կարիմա Կուրտիտը: Նրանց մասնակցությունը նպաստել է ֆակուլտետի միջազգային գիտական կապերի ընդլայնմանը, տարբեր երկրների հետազոտողների ներգրավմանը և համատեղ գիտական քննարկումների զարգացմանը:
Հայաստանի հնարավորությունները փոփոխվող աշխարհում
Պիտեր Նայկամպի գնահատմամբ՝ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովը հաջողված նախաձեռնություն է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների հետազոտողների և փորձագետների: Նրա խոսքով՝ աշխարհը գտնվում է խորքային անորոշության փուլում․ փոխվում են տնտեսական և քաղաքական հարաբերությունները, ի հայտ են գալիս մարտահրավերներ ու հնարավորություններ, որոնք պահանջում են նոր գաղափարներ և զարգացման այլընտրանքային մոտեցումներ:
Միջազգային առևտրի փոփոխվող բնույթը, սակագնային պատերազմները և համաշխարհային խոշոր ուժային կենտրոնների՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հարաբերությունները, նրա դիտարկմամբ, նոր հարցեր են առաջադրում նաև փոքր պետությունների համար:
«Իսկ ո՞րն է Հայաստանի դիրքն այս դինամիկ ուժային դաշտում»,- հարցադրում է Նայկամպը՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ն մեծ ջանքեր է գործադրել հայաստանյան մասնագետներին և աշխարհի տարբեր մայրցամաքներից փորձագետներին մեկ հարթակում համախմբելու ու այս հարցերը համատեղ քննարկելու համար:
Պրոֆեսորի համոզմամբ՝ փոքր երկրները նույնպես կարող են կարևոր դեր ունենալ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում՝ նպաստելով հակակշռմանն ու համագործակցության հնարավորությունների պահպանմանը:
«Հայաստանը փոքր երկիր է, բայց կարող է օրինակ ծառայել բազմաթիվ այլ երկրների համար»,- ընդգծում է նա՝ կարևորելով ստեղծված իրավիճակի խորքային ուսումնասիրությունն ու համատեղ մտորումները:
Անդրադառնալով գիտաժողովի արդյունքներին՝ Նայկամպը նշում է, որ քննարկումների ընթացքում արդեն առաջադրվել են բազմաթիվ նոր գաղափարներ: Թեև դեռ շատ անելիքներ կան, նրա գնահատմամբ՝ ձևավորվել է նոր տնտեսական և քաղաքական աշխարհի շուրջ հետագա քննարկումների համար անհրաժեշտ հիմքը:
«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու, իմ հայ գործընկերների և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործընկերների հետ աշխատելու համար: Միասին մենք կարող ենք ուղի հարթել դեպի խոստումնալից նոր տնտեսական աշխարհ»,- նշում է պրոֆեսորը:
Հայաստանի նկատմամբ նրա վերաբերմունքը չի սահմանափակվում մասնագիտական համագործակցությամբ: Նայկամպը պատմում է, որ բազմիցս այցելել է Հայաստան և հաճույքով է վերադառնում՝ ընդգծելով երկրի ու մայրաքաղաքի գեղեցկությունը, մարդկանց հյուրընկալությունն ու բարեհամբույր վերաբերմունքը, ինչպես նաև ակադեմիական մթնոլորտը:
«Ինձ համար մեծ հաճույք է կրկին գտնվել Երևանում և Հայաստանում՝ մի քաղաքում և երկրում, որոնք գրավել են իմ սիրտը»,- ասում է նա:
Երեք տարի՝ միջազգային գիտական երկխոսության հարթակում
2024 թվականից անցկացվող «Փոխակերպվող տնտեսություն» գիտաժողովը տարեցտարի ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունն ու թեմատիկ ընդգրկումը: Երեք տարիների ընթացքում քննարկումներն անդրադարձել են թվային տեխնոլոգիաներին, տարածական անհամամասնություններին, մարդկային կապիտալին, «կանաչ» անցմանն ու ինստիտուցիոնալ որակին:
Գիտաժողովը, գիտական արդյունքների ներկայացմանը զուգահեռ, հնարավորություն է տալիս տարբեր երկրների հետազոտողներին փոխանակելու փորձը և քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը չի սահմանափակվում տարեկան գիտաժողովի կազմակերպմամբ:
«Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ: Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ձևավորելու միջազգային ակադեմիական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների և գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիքն ու փորձը, նախաձեռնել նոր հետազոտություններ և զարգացնել համատեղ նախագծեր»,- նշել է Կառլեն Խաչատրյանը:
Այս ձևաչափը ֆակուլտետին հնարավորություն է տալիս ներգրավելու միջազգային ճանաչում ունեցող գիտնականների, ներկայացնելու հայաստանյան հետազոտությունների արդյունքները և ձևավորելու գործընկերային կապեր: Նայկամպի և Կուրտիտի գիտական փորձն ու մասնագիտական կապերը նպաստում են նաև Հայաստանի տնտեսական խնդիրները միջազգային հետազոտական հանրության շրջանակում քննարկելուն:
Համագործակցության գիտական հիմքն ու հեռանկարները
Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր է, տարածաշրջանային և քաղաքային տնտեսագիտության, տնտեսական աշխարհագրության ու տարածական զարգացման ոլորտների միջազգային ճանաչում ունեցող գիտնական:
Նրա հետազոտությունները վերաբերում են տնտեսական զարգացման տարածական օրինաչափություններին, տարածաշրջանային մրցունակությանը և տարածքների միջև սոցիալ-տնտեսական անհամամասնությունների ձևավորման ու հաղթահարման մեխանիզմներին: Գիտնականն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նորարարության, մարդկային կապիտալի, ենթակառուցվածքների և ինստիտուցիոնալ գործոնների փոխազդեցությանը:
2018 թ. RePEc-ի տվյալներով՝ Նայկամպն ընդգրկվել է աշխարհի 30 առաջատար տնտեսագետների ցանկում: Նա Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայում (RSAI) և Տարածաշրջանային գիտության եվրոպական ասոցիացիայում (ERSA): 1996 թվականին արժանացել է Նիդեռլանդների գիտական բարձրագույն պարգևներից մեկին՝ :
Նայկամպի գիտական հետաքրքրություններն առնչվում են նաև Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին՝ տարածաշրջանային անհամաչափությունների հաղթահարմանը, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, նորարարության խթանմանն ու կայուն զարգացման հնարավորությունների ընդլայնմանը:
Նրա հետ միասին ֆակուլտետի հետ համագործակցության զարգացման գործում ներդրում ունի նաև ՝ TRSA-ի գործադիր տնօրենը և ֆակուլտետի երկարամյա գործընկերը: Նա ակտիվորեն ներգրավված է միջազգային գիտական նախաձեռնություններում, մասնավորապես՝ «Փոխակերպվող տնտեսություն» գիտաժողովի կազմակերպման աշխատանքներում:
Նիդեռլանդների բաց համալսարանի հետազոտող է: Նա նաև ղեկավարել է Նիդեռլանդների «Jheronimus Academy of Data Science»-ի (JADS) «Խելացի քաղաքներ և տվյալների վերլուծություն» (Smart Cities & Data Analytics) լաբորատորիան՝ զբաղվելով քաղաքային զարգացման, թվային տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության հետազոտություններով:
Տարածաշրջանային գիտության ակադեմիան միջազգային գիտական համագործակցության հարթակ է, որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանային և տարածական գիտությունների զարգացմանը, հետազոտողների միջև կապերի ամրապնդմանն ու տնտեսական և հասարակական գործընթացների միջգիտակարգային ուսումնասիրությանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ ակադեմիայի համագործակցության հետագա զարգացումը կարող է նպաստել համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը, միջազգային գիտական հրապարակումներում հայաստանյան հետազոտողների ներգրավվածության ընդլայնմանը և երիտասարդ գիտնականների մասնագիտական կապերի ամրապնդմանը:
Նշենք, որ 2025 թվականի «Փոխակերպվող տնտեսություն» ամենամյա միջազգային երկրորդ գիտաժողովի շրջանակում Պիտեր Նայկամպը պարգևատրվել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով, իսկ Կարիմա Կուրտիտը՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալով:










