- Գլխավոր
- Նորություններ
- Արժեքային երկընտրանքներից մինչև հիմնավորված որոշումներ․ «VaKE» մեթոդաբանությամբ բաց դաս ԵՊՀ-ում
Նոյեմբեր 23, 2026 | 13:48
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Շարունակական կրթություն
Արժեքային երկընտրանքներից մինչև հիմնավորված որոշումներ․ «VaKE» մեթոդաբանությամբ բաց դաս ԵՊՀ-ում
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում անցկացվել է «Արժեքահենք և գիտելիքահենք կրթություն» («VaKE») դասընթացի բաց դասը։ Ուսանողները քննարկել են երեխաներին աջակցելու և նրանց ինքնուրույնությունը խթանելու միջև հավասարակշռության խնդիրը՝ իրենց որոշումները հիմնավորելով մանկավարժական, իրավական և էթիկական գիտելիքներով։
Դասընթացը «Erasmus+»-ի PROVE նախագծի շրջանակում որպես պարտադիր դասընթաց ներդրվել է «Սոցիալական մանկավարժություն» բակալավրի կրթական ծրագրում։
Բաց դասը վարել է կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը, որը մասնակցում է «VaKE»-ին նվիրված վերապատրաստումների և գիտաժողովների։
Դասին ներկա է եղել Թբիլիսիի պետական համալսարանի դոցենտ Իրմա Գրձելիձեն, որը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA) դոկտորական կրթության խորհրդի կառավարման կոմիտեի անդամ է, Վրաստանում «Erasmus+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) թիմի նախագահ և DAAD Բոլոնիայի գործընթացի փորձագետ։ Նրա մասնակցությամբ քննարկվել են PROVE նախագծի արդյունքներն ու դրանց կայունության ապահովման հարցերը։ Նրան ուղեկցել են ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը և կենտրոնի մասնագետ Մարգարիտ Սողոմոնյանը։
Բաց դասի շրջանակում ներկայացվել է, թե ինչպես է «VaKE» մեթոդաբանությունը համադրում արժեքային հարցերի քննարկումն ու նոր գիտելիքների ձեռքբերումը։ Քննարկման հիմքում հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին աջակցելու և միաժամանակ նրանց ինքնուրույնությունը խթանելու վերաբերյալ երկընտրանքն էր։ Ուսանողներն անդրադարձել են ներառականությանը, հավասարությանը, արդարությանը, երեխայի իրավունքներին և մանկավարժի մասնագիտական պատասխանատվությանն առնչվող էթիկական հարցերին։
Ինտերակտիվ քննարկումների և խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները դիտարկել են տարբեր տեսակետներ, համադրել փաստարկներն ու հիմնավորել իրենց որոշումները՝ կիրառելով համապատասխան մանկավարժական, իրավական և էթիկական գիտելիքներ։
Բաց դասին մասնակցել են Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Արևելագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողներ։ Դասը նրանց հնարավորություն է տվել համատեղ քննարկելու կրթական ու սոցիալական խնդիրները և փորձարկելու արժեքային դատողություններն ու մասնագիտական գիտելիքները համադրելու մոտեցումը։