- Գլխավոր
- Նորություններ
- Ո՞ւմ համար է Երևանը․ հետիոտնային հասանելիությունը՝ որպես քաղաքային հավասարության հարց
Նոյեմբեր 27, 2026 | 11:38
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն
Ո՞ւմ համար է Երևանը․ հետիոտնային հասանելիությունը՝ որպես քաղաքային հավասարության հարց
Երևանի նույն փողոցը տարբեր մարդկանց համար կարող է բոլորովին տարբեր ճանապարհ լինել։ Այն, ինչ մեկի համար ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորություն է, մյուսի համար կարող է վերածվել խոչընդոտների հաջորդականության՝ բարձր եզրաքար, անհարմար թեքահարթակ, մայթին կայանված մեքենա կամ դժվարանցանելի այգի։ Այս տարբերությունն է, որ քաղաքային միջավայրի հասանելիությունը դարձնում է ոչ միայն քաղաքաշինական, այլև սոցիալական հավասարության հարց։
ԵՊՀ-ում տեղի ունեցան «Հետիոտնային հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում» խորագրով հետազոտության արդյունքների ներկայացումն ու պանելային քննարկումը։ Ուսումնասիրության առանցքում Երևանի փողոցները, այգիներն ու մայթերն էին, իսկ քննարկման հիմնական թեման քաղաքային միջավայրի հասանելիությունն էր տարբեր խմբերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և մանկասայլակով ծնողների համար։
Հետազոտությունը կատարել են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի (TS&D Lab) հետազոտողները՝ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հարություն Վերմիշյանի ղեկավարությամբ և RUX (Research on Urban Experience) հետազոտական խմբի հետ համագործակցությամբ։
Քաղաքային միջավայրն ուսումնասիրվել է ոչ միայն քարտեզների, չափումների և քաղաքաշինական լուծումների վերլուծության, այլև հետիոտների առօրյա փորձառության դիտարկման միջոցով։ Հետազոտության ընթացքում մասնագետները քայլել են մանկասայլակով ծնողների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ տեղում արձանագրելով նրանց հանդիպած դժվարությունները։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել տեսնելու այն խնդիրները, որոնք այլ անցորդների համար կարող են աննկատ մնալ, սակայն որոշ մարդկանց խոչընդոտում են ինքնուրույն տեղաշարժվել և լիարժեք մասնակցել քաղաքային կյանքին։
Ուսումնասիրությունն ընդգրկել է Նոր Նորք վարչական շրջանի փողոցները, մայթերը, գետնանցումներն ու այգիները։ Դիտարկվել են ոչ միայն առանձին ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակն ու համապատասխանությունը հասանելիության պահանջներին, այլև այն, թե որքանով են դրանք ապահովում մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը։ Քաղաքային միջավայրի հասանելիությունը չի սահմանափակվում մեկ թեքահարթակի կամ հարմարեցված անցման առկայությամբ․ այն ենթադրում է անընդհատ և փոխկապակցված երթուղիներ, որոնցով մարդը կարող է տեղաշարժվել ինքնուրույն ու անվտանգ։
Հետազոտության արդյունքների ներկայացմանը հաջորդած պանելային քննարկմանը մասնակցեցին քաղաքային հետազոտական ընկերության անդամ Ստելլա Նազարյանը, ԵՊՀ տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Յուլիանա Մելքումյանը, Երևանի քաղաքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի քաղաքային զարգացման և կայուն շարժունակության մասնագետ Վաչե Ջիվանյանը, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Սոնա Հարությունյանը, ինչպես նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
Բանախոսներն անդրադարձան մի շարք փոխկապակցված հարցերի, այդ թվում՝ ո՞ւմ համար է հասանելի Երևանը, ո՞վ է ավելի արտոնյալ Երևանում։ Քննարկումն ընդգրկեց ոչ միայն ճարտարապետական և քաղաքաշինական հարցեր, այլև սոցիալական անհավասարության, քաղաքային կառավարման, հանրային տարածքների օգտագործման և որոշումների կայացման գործընթացում տարբեր խմբերի պահանջների ներկայացվածության խնդիրները։
Հնչած տեսակետներում ընդգծվեց, որ քաղաքային միջավայրի հասանելիությունը բոլորի համար հավասար հնարավորությունների ապահովման հարց է։ Եթե մայթը հարմար է միայն արագ քայլող և տեղաշարժման սահմանափակումներ չունեցող մարդուն, ապա այն չի կարող լիարժեք հասանելի համարվել։ Նույն կերպ՝ գետնանցման, այգու կամ փողոցի նախագծման ու բարեկարգման ընթացքում որոշակի խմբերի կարիքների անտեսումը կարող է սահմանափակել նրանց տեղաշարժը և վտանգել անվտանգությունը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև խնդրի լուծման տարբեր մոտեցումներ և առաջարկներ՝ Երևանն ավելի անվտանգ ու տարբեր խմբերի կարիքներին համապատասխան քաղաք դարձնելու նպատակով։ Ընդգծվեց քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, պետական և համայնքային կառույցների համագործակցության, մասնագիտական գնահատման, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում տարբեր խմբերի փորձառությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը։
Քննարկումն ընդգծեց նաև քաղաքային տարածքների առօրյա օգտագործումն ուսումնասիրելու կարևորությունը՝ հասկանալու, թե մարդիկ ինչ խոչընդոտների են հանդիպում, և ինչ փոփոխություններ կարող են բարելավել նրանց առօրյան։ «Ո՞ւմ համար է Երևանը» հարցն այսպիսով դառնում է նաև քաղաքային զարգացման արդյունավետությունը գնահատելու չափանիշ։





