- Գլխավոր
- Նորություններ
- Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ Հարությունյանը
Փետրվար 20, 2026 | 10:41
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ Հարությունյանը
Կլիմայի փոփոխությունը (ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում) բացասաբար է անդրադառնում բերքի քանակի և որակի վրա: Սակայն, սրան զուգահեռ, ջերմաստիճանի ակտիվ բարձրացումը նպաստում է խաղողագործության գոտիների ընդլայնմանը դեպի ավելի բարձրադիր տարածքներ և ստեղծում է արժեքավոր սորտերի մշակման հնարավորություններ։ Այս մասին փաստում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Նարեկ Հարությունյանը, որը հեղինակել է «Կլիմայի փոփոխությունը և ռիսկերի կառավարումը խաղողագործության մեջ (Վայոց ձորի մարզի օրինակով)» վերտառությամբ գիտական հոդվածը:
Նարեկ Հարությունյանի հետազոտությունը նվիրված է Վայոց ձորի մարզում խաղողագործության վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատմանը և ռիսկերի կառավարման մեխանիզմների հիմնավորմանը։
ԵՊՀ դոցենտը ներկայացրել է կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա, հնարավոր բացասական հետևանքների մեղմման ուղիները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում խաղողագործության զարգացման առաջընթացին ու մարտահրավերներին։
Կլիմայի փոփոխությունը երկակի ազդեցություն ունի բերքի վրա
Հետազոտության շրջանակում կատարվել է ագրոկլիմայական ռեսուրսների տարածաժամանակային վերլուծություն՝ կիրառելով ակտիվ ջերմաստիճանների գումարի, +30°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թվի, բացարձակ նվազագույն ջերմաստիճանների և վեգետացիոն շրջանի տեղումների ցուցանիշները։ Գնահատվել են նաև ռելիեֆի, բարձրության, լանջերի թեքության և կողմնորոշման ազդեցությունները խաղողագործության տարածքային կազմակերպման վրա։
Պարզվել է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացման, տեղումների նվազման և գոլորշիացման աճի, ինչի հետևանքով ուժեղանում են երաշտային պայմանները, և աճում են եղանակային անբարենպաստ երևույթների ռիսկերը, որոնք բացասաբար են ազդում բերքի քանակի և որակի վրա։ Միաժամանակ, ակտիվ ջերմաստիճանների ավելացումը նպաստում է խաղողագործության գոտիների ընդլայնմանը դեպի ավելի բարձրադիր տարածքներ (մինչÃý&²Բú²õ±è;շուրջ 2000 մ) և արժեքավոր սորտերի մշակման հնարավորությունների ստեղծմանը։
Այսպիսով, կլիմայի փոփոխությունն ունի երկակի ազդեցություն․ այն մի կողմից՝ մեծացնում է արտադրական ռիսկերը, մյուս կողմից՝ ձևավորում է զարգացման նոր հնարավորություններ, ինչը պահանջում է հարմարվողական միջոցառումների և արդյունավետ ռիսկերի կառավարման իրականացում։
Դիմացկուն սորտերի ներդրում, ոռոգման համակարգերի բարելավում, բարձրադիր և արևկող լանջեր՝ խաղողագործության տարածքների համար. ինչպե՞ս մեղմել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը
Կլիմայի փոփոխության պայմաններում խաղողագործության ռիսկերի նվազեցումը հնարավոր է հետևյալ հիմնական միջոցներով․
կլիմայական սթրեսների նկատմամբ դիմացկուն սորտերի ընտրություն և ներդրում,
պաշտպանական ագրոտեխնիկական միջոցառումների կիրառում՝ կլիմայական անբարենպաստ երևույթների վնասները նվազեցնելու համար,
ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և ոռոգման համակարգերի բարելավում,
կլիմայական ռիսկերի գնահատում և ապահովագրական մեխանիզմների ներդրում,
խաղողագործության տարածքային օպտիմալացում առավել նպաստավոր բարձրադիր և արևկող լանջերում։
Այս միջոցառումները նպաստում են ոլորտի հարմարվողականության բարձրացմանը և կայուն զարգացման ապահովմանը։
ՀՀ Վայոց ձորի մարզում ձևավորված միկրոկլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության զարգացման համար
Վայոց ձորի խաղողագործությունն ունի հազարամյա պատմություն, ինչի վկայությունն է Արենի-1 քարանձավում հայտնաբերված գինեգործական համալիրը, որը համարվում է աշխարհում հայտնի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը և թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակով։
Վայոց ձորը տիպիկ լեռնային տարածաշրջան է, որտեղ ձևավորվել է փոխկապակցված և բազմազան միկրոկլիմայական պայմանների համակարգ, որը նպաստավոր միջավայր է ստեղծում խաղողագործության զարգացման համար։ Բնական գործոնների այս համակցությունը տարածաշրջանը դարձնում է ագրոէկոլոգիական հետազոտությունների համար ներկայացուցչական և գիտական առումով կարևոր օբյեկտ։
Նման ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն գիտամեթոդական տեսանկյունից և կարող են կիրառական նշանակություն ունենալ լեռնային այլ տարածքների ագրոէկոլոգիական գնահատման համար, այլև հնարավորություն են տալիս գիտականորեն հիմնավորելու կլիմայի փոփոխության պայմաններում Վայոց ձորի խաղողագործության հարմարվողականության ուղիները և մշակելու արդյունավետ կառավարման լուծումներ։
Խաղողագործության զարգացման համար փաստագրված արդյունքները
Հետազոտության շրջանակում կատարված ագրոկլիմայական ռեսուրսների տարածաժամանակային գնահատման արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական դրույթները․
դիտվում է օդի միջին ջերմաստիճանի և ակտիվ ջերմաստիճանների գումարի աճի կայուն միտում,
վեգետացիոն շրջանի ընթացքում արձանագրվում է տեղումների հարաբերական նվազում և գոլորշիացման ինտենսիվության բարձրացում, ինչը նպաստում է խոնավության դեֆիցիտի խորացմանը,
հարավային, արևելյան և արևմտյան կողմնորոշում ունեցող լանջերը բնութագրվում են առավել նպաստավոր ջերմային և լուսային պայմաններով, մինչդեռ հյուսիսային լանջերը համեմատաբար սահմանափակ հնարավորություններ են ստեղծում խաղողագործության զարգացման համար,
հիմնավորվել է խաղողագործության տարածական ընդլայնման հնարավորություն դեպի ավելի բարձրադիր գոտիներ՝ մինչև շուրջ 2000 մ բացարձակ բարձրություն,
առանձնացվել և քարտեզագրվել են խաղողագործության համար ագրոկլիմայական առավել բարենպաստ տարածքները։
Արդյունքները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը միաժամանակ առաջացնում է ինչպես արտադրական ռիսկեր, այնպես էլ զարգացման նոր հնարավորություններ, ինչը պահանջում է հարմարվողական և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումների կիրառում։
Ոլորտի կայուն&²Բú²õ±è;զարգացման ուղին
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Վայոց ձորի ագրոկլիմայական պայմանները կլիմայի փոփոխության ազդեցությամբ ենթարկվում են էական վերափոխումների, որոնք ունեն երկակի բնույթ։ Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը և գոլորշիացման աճը նպաստում են խոնավության դեֆիցիտի խորացմանը և ուժեղացնում խաղողագործության արտադրական ռիսկերը։ Միաժամանակ, ակտիվ ջերմաստիճանների ավելացումը և լեռնային ռելիեֆի միկրոկլիմայական բազմազանությունը ստեղծում են խաղողագործության տարածքային ընդլայնման և բարձրարժեք սորտերի մշակության նոր հնարավորություններ, մասնավորապես՝ ավելի բարձրադիր գոտիներում։
Ուստի հիմնավորվում է, որ ոլորտի կայուն զարգացումը հնարավոր է միայն կլիմայական ռիսկերի գնահատման, հարմարվողական ագրոտեխնոլոգիաների ներդրման և ռացիոնալ տարածքային կառավարման պայմաններում, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու բացասական հետևանքները և արդյունավետորեն օգտագործելու ձևավորվող ագրոկլիմայական նոր ներուժը։
Ներառվել են նոր սորտեր, աճում են խաղողագործական-գինեգործական ձեռնարկությունները, իսկ միջազգային առևտրի սահմանափակումները պետք է հաղթահարվեն. Հայաստանում խաղողագործության զարգացումն ու առկա մարտահրավերները
Խաղողագործությունը՝ ՀՀ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ռազմավարական նշանակության ոլորտներից մեկը, անմիջական կապ ունի ինչպես տեղական տնտեսության կայունության, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ճանաչման հետ։ Վերջին տարիներին ոլորտում նկատվում է բազմակողմանի զարգացում, որը բնութագրվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
Արտադրության ծավալների և սորտային բազմազանության ընդլայնում: Հայաստանում արձանագրվում է խաղողի մշակության ծավալների աստիճանական ընդլայնում՝ ներառելով նոր սորտեր և բազմազանեցնելով գինեգործական արտադրությունը: Միջազգային ճանաչում է վայելում Արենի սորտը, որը հանդես է գալիս որպես հայկական խաղողի տեսակ և նպաստում է արդյունաբերության մրցունակության բարձրացմանը:
Արտադրողների թվի աճ և տեխնոլոգիական արդիականացում: Նկատվում է փոքր և միջին խոշորության խաղողագործական-գինեգործական ձեռնարկությունների կայուն աճ: Նման զարգացումը համակցվում է արտադրական գործընթացների արդիականացման հետ՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման մեթոդներ, որոնք բարելավում են արտադրության որակը և արդյունավետությունը:
Արտահանման ընդլայնում և միջազգային ճանաչում: Հայկական գինիները հաջողությամբ ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում և գինեգործական փառատոներում, ինչը նպաստում է հայկական գինեգործության համաշխարհային ճանաչմանը և արտաքին շուկաներին ինտեգրմանը:
Տեխնոլոգիական նորարարություն: Շատ արտադրողներ ուշադրություն են դարձնում ոչ միայն քանակական աճին, այլև բարձրորակ գինիների արտադրությանը՝ համադրելով ավանդական և ժամանակակից գինեգործական տեխնոլոգիաները: Այս մոտեցումը նպաստում է արտադրության մրցունակության և արդյունաբերության կայուն զարգացման ապահովմանը:
Գինու զբոսաշրջության զարգացում: Հայաստանյան խաղողագործությունը կապակցվում է արդեն կայացած գինեգործության և գաստրոնոմիական մշակույթով, ինչը նպաստում է ինչպես ներազգային սպառմանը, այնպես էլ գինու զբոսաշրջության զարգացմանը՝ զուգորդված հյուրանոցային և մշակութային ծրագրերով, օրինակ, «Areni Wine Festival» և «Yerevan Wine Days» ամենամյա միջոցառումները, որոնք խթանում են ոլորտի տեսանելիությունը և տնտեսական ազդեցությունը։
Տնտեսական ազդեցություն և ոլորտային մարտահրավերներ: Խաղողագործությունն ու գինեգործությունը համարվում են գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը, սակայն ոլորտը շարունակում է առնչվել մի շարք մարտահրավերների հետ՝ ներառյալ շուկայի բազմազանացումը, կապիտալ ներդրումների կայունության ապահովումը, միջազգային առևտրի սահմանափակումների հաղթահարումը և տեխնոլոգիական նորարարությունների արդյունավետ ներդրումը:
Այսպիսով, ներկայում Հայաստանի խաղողագործությունը գտնվում է ակտիվ զարգացման և վերակազմավորման փուլում, որի առանձնահատկություններն են սորտային բազմազանության ընդլայնումը, արտադրության արդիականացումը, միջազգային շուկաներին ինտեգրումը, բարձրորակ արտադրության վրա կենտրոնացման և մշակութային համադրության զարգացումը։ Այն ունի բարձր տնտեսական, սոցիալական և մշակութային ներուժ՝ լինելով ռազմավարական նշանակության ոլորտ, որի զարգացման ուղղությունը միտված է արդյունաբերության կայունության, բարձրորակ արտադրանքի և միջազգային ճանաչման ապահովմանը: