- Գլխավոր
- Նորություններ
- «GeoMap-Camp․ քարտեզագրելով Սյունիքի ապագան»․ ամառային ճամբարը՝ բուհ-դպրոց-գործատու գործակցության նոր հարթակ
Հուլիս 27, 2026 | 13:45
Կրթություն
Հասարակություն
̸իջոցառումներ
«GeoMap-Camp․ քարտեզագրելով Սյունիքի ապագան»․ ամառային ճամբարը՝ բուհ-դպրոց-գործատու գործակցության նոր հարթակ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի համագործակցությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում պաշտոնապես մեկնարկեց «GeoMap-Camp․ քարտեզագրելով Սյունիքի ապագան» կրթական ամառային ճամբարը: Նախագիծը միավորել է ոլորտի մասնագետներին և դպրոցականներին՝ նպատակ ունենալով ստեղծելու նորարարական հարթակ, ամրապնդելու դպրոց-բուհ-գործատու կապը, նպաստելու Սյունիքի մարզի կայուն զարգացմանը և մասնագիտական ներուժի ձևավորմանը:
Կարևորելով կրթության դերը երկրի հանքարդյունաբերության ոլորտում
Ճամբարի բացման արարողությանը ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Ողջույնի խոսքում ռեկտորը կարևորեց կրթության առանցքային դերը երկրի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործընթացում, ինչպես նաև ամառային ճամբարի նշանակությունը։
Բացման խոսքով հանդես եկավ նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը՝ ընդգծելով կրթության, գիտության և արտադրության արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։
Միջոցառման կազմակերպիչները (Ի. Սահակյան, Պ. Մուրադյան) մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակներն ու բովանդակությունը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գործունեությունը, ինչպես նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ համագործակցության հիմնական ուղղությունները։
Դպրոց-բուհ-գործատու եռակողմ ձևաչափը՝ նորարարական հարթակ
«GeoMap - Camp»-ի հիմնական նպատակն է ստեղծել նորարարական հարթակ, որը հիմնված կլինի դպրոց-բուհ-գործատու համագործակցության վրա և կհամատեղի հանքարդյունաբերական ոլորտը գիտակրթական ուղղությունների (աշխարհագրություն, երկրաբանություն, քարտեզագրություն և սերվիս) հետ։ Սյունիքի մարզի կայուն զարգացմանը նպաստելուց բացի՝ ծրագիրը կօժանդակի նաև մասնագիտական կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև հանրության շրջանում հանքարդյունաբերության՝ որպես կայուն զարգացման բաղադրիչի դերի հիմնավորմանը։
Քարտեզագրելով Հայաստանի ապագան. Սյունիք
Ծրագրի շրջանակում կկատարվեն Սյունիքի մարզի թվային քարտեզի ստեղծման աշխատանքներ, համայնքային տվյալների հավաքագրում, Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսաաշխարհագրական ուսումնասիրություն, առանձնակի ուշադրություն կդարձվի մարզի բնական համալիրի առանձին տարրերի (ռելիեֆ, ջրագրության լանդշաֆտներ և այլն), բնակչության ու բնակավայրերի, տնտեսության առանձին բաղադրիչների, սոցիալ-մշակութային ոլորտի, ծառայությունների և շրջակա միջավայրի արդյունավետ օգտագործման և բնապահպանության հարցերին:
Ծրագիրը հնարավորություն կընձեռի նաև աշակերտներին ծանոթանալու Սյունիքի մարզի երկրաբանական առանձնահատկություններին, հանքահումքային ռեսուրսներին: Մասնավորապես՝ աշակերտները, այցելելով Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքավայր, կծանոթանան աշխատանքային գործընթացին և իրենց ստացած հմտությունները կփորձեն ղեկավարների օգնությամբ պրոյեկտել և քարտեզագրել՝ զբոսաշրջային երթուղին ներառելով որպես պարտադիր այցելության վայր: Ծրագրի բաղադրիչներից է նաև ծանոթությունը մարզի բնական և մարդածին առավել հասանելի և հայտնի երկրաբանական հուշարձաններին:
Թեմատիկ դասախոսություններից մինչև ինտելեկտուալ ժամանց
Մեկնարկային օրը շարունակվեց թեմատիկ դասախոսություններով, որոնք վարեցին Ե․ Մանուկյանը, Շ․ Խաչատրյանը, Ա․ Պոտոսյանը և Ի․ Սահակյանը։ Դպրոցականները ծանոթացան Սյունիքի աշխարհագրական առանձնահատկություններին, քարտեզագրման հիմունքներին, օգտակար հանածոներին, երկրաբանական հուշարձաններին և տուրիստական երթուղիների նախագծման սկզբունքներին։
Օրվա երկրորդ կեսին ձևավորվեցին աշխատանքային թիմերը, անցկացվեցին թիմային տարբեր միջոցառումներ (Team Building), իսկ երեկոն ամփոփվեց ինտելեկտուալ խաղերով և ազգային պարերի ջերմ մթնոլորտով։
Ակնկալվող արդյունքներն ու հեռահար ազդեցությունը
Ծրագրի վերջնական արդյունքում կմշակվեն նոր զբոսաշրջային երթուղիներ՝ հնարավորություն ընձեռելով դրանք ներառելու տուրիստական փաթեթներում, կկատարվեն տարածքային բրենդավորման և տեղական ծառայությունների ներկայացման աշխատանքներ։
Այս նախագիծը հայրենաճանաչության յուրօրինակ դրսևորում է, որը մեծապես կօգնի Սյունիքի մարզի դպրոցներին հետագա նախագծային աշխատանքներն իրականացնելիս։ Դպրոց-բուհ-գործատու կապը հնարավորություն է ընձեռում պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք տեսական գիտելիքներին զուգընթաց կունենան գործնական հմտություններ։ Այն աշակերտներին օգնում է նաև վաղ տարիքից գիտակցված կատարելու մասնագիտական ընտրություն՝ հիմք դնելով սերունդների ուղղորդված մասնագիտական զարգացմանը։
Նոր գիտելիքներով, բացահայտումներով և դաշտային հետաքրքիր աշխատանքներով հագեցած ծրագիրը կամփոփվի հուլիսի 27-ին:


















