ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. սեպտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) Կենտրոնական Ասիայի, Հայաստանի և Մոնղոլիայի ղեկավար Ժաննա Իսկենովան և Հայաստանում ու Ուզբեկստանում բիզնեսի զարգացման գծով մենեջեր Ժուլդիզ Ժարմագամբետը՝ համատեղ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Գնել Սահակյանը և ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ միջազգային մասնագիտական կառույցի գործընկերների հետ քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ֆակուլտետի ուսանողների համար արտոնությունների տրամադրման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ձևաչափերը։
Քննարկման առանցքում ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի մագիստրոսական ծրագրի ACCA հավատարմագրման գործընթացն էր, ինչը հնարավորություն կտա ծրագրի շրջանավարտներին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) համապատասխան քննություններից ազատվելու՝ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանն ու միջազգային որակավորում ստանալու գործընթացին։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հավատարմագրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ։ Կողմերը կարևորեցին համագործակցության շարունակական զարգացումը և ուսանողների մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացումը։






